կարևոր
1996 դիտում, 17 ժամ առաջ - 2025-06-13 14:58
Տարածաշրջան

Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրավորներ չկան. Շահնազարյան

Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրավորներ չկան. Շահնազարյան

Իսրայելի կողմից Իրանին հասցված  հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Իրանի «Ալիք» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Արամ Շահնազարյանը։

«Հայ համայնքից որևէ մեկը չի տուժել, զոհեր կամ վիրավորներ չկան։ Հայ համայնքը, ինչպես ամբողջ իրանական հասարակությունը, շարունակում է ապրել իր բնականոն կյանքով», - ասել է նա։

Այնուամենայնիվ, Շահնազարյանը ընդգծեց, որ իրավիճակը լարված է. «Լարվածություն, իհարկե, կա։ Էսկալացիան սրվել է, բոլորը սպասում են Իրանի հնարավոր պատասխան հարվածին։ Դրանից հետո ինչ կկատարվի՝ դեռևս անորոշ է։ Գրեթե պատերազմի սպասողական վիճակ է, բայց ինչպես մյուս քաղաքացիները, մենք էլ ապրում ենք մեր առօրյա կյանքով»։

Խոսելով Իրանում բարձրացված վրեժխնդրության կարմիր դրոշի մասին՝ Շահնազարյանը նշեց, որ այն քարոզչական և սիմվոլիկ նշանակություն ունի։

«Ինչպես հայտնի է, պաշտոնական շիիզմի կենտրոնը համարվում է Իրանը։ Իմամ Հուսեյինը շիիզմում նահատակության, զոհաբերության խորհրդանիշն է։ Կարմիր դրոշը բարձրացվում է Իմամ Հուսեյինի անունով՝ որպես վրեժի պատգամ։ Այն նշանակում է, որ վրեժը անպայման լուծվելու է։ Այս քայլն ունի հոգեբանական ուժեղ ազդեցություն և նպատակ ունի մոտիվացնել ժողովրդին՝ հիմնվելով կրոնական զգացմունքների վրա։ Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ Իրանը անպայման պատասխանելու է», - նշել է նա։

Շահնազարյանը հավելեց, որ վերջին գիշերվա հարվածներում նկատելի էր Իսրայելի նույն ձեռագիրը, ինչ Լիբանանում՝ թիրախային գործողություններ՝ կոնկրետ անձանց ոչնչացման նպատակով։