Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Վրաստանի անկախության հռչակագիրը» կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի։ Առաջին մասում համառոտ շարադրված է Վրաստանի պատմությունն ու վերջին ժամանակների զարգացումները, ներկայացված է վրաց ժողովրդի վիճակը և նրանց ձգտումը՝ ստեղծելու սեփական պետական կառույց։ Երկրորդ մասում ներկայացված են Վրաստանի Ազգային խորհրդի կողմից հռչակված դրույթները։ Անկախության ակտում չեն սահմանազատվում Վրաստանի սահմանները, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը դեռ չէր ավարտվել, և հարևան պետությունների հետ կային վիճարկվող տարածքներ։
Վրաստանի անկախությունը
Վրաստանի հիմնադիր ժողովը, որը ընտրված է ուղղակի, հավասար, գաղտնի և համամասնական ընտրական համակարգով՝ երկու սեռի քաղաքացիների կողմից, իր առաջին իսկ նիստում՝ 1919 թ. մարտի 12-ին, երկրի և պատմության առջև հայտարարում է, որ ամբողջապես ընդունում և հաստատում է Վրաց ազգային խորհրդի կողմից 1918 թ. մայիսի 26-ին, ժամը 17:10-ին, Թբիլիսիում հռչակված Վրաստանի անկախության ակտը։
Վրաստանի անկախության հռչակագիրը
Վրաստանը դարեր շարունակ գոյություն է ունեցել որպես անկախ և ազատ պետություն։ 18-րդ դարի վերջում, արտաքին թշնամիների ճնշման ներքո, Վրաստանը կամովին միացավ Ռուսաստանին՝ այն պայմանով, որ վերջինս պարտավորվում էր պաշտպանել երկիրը արտաքին վտանգներից։ Սակայն Ռուսաստանի մեծ հեղափոխության ընթացքն այնպիսի ներքին վիճակ ստեղծեց, որ ռազմական ողջ ճակատն ամբողջությամբ քանդվեց, իսկ ռուսական բանակը լքեց Անդրկովկասը։ Հենվելով սեփական ուժերի վրա՝ Վրաստանը, Անդրկովկասի մյուս ժողովուրդների հետ միասին, ձեռնամուխ եղավ իր ազգային-քաղաքական գործերի կարգավորմանն ու ինքնուրույն կառավարմանը՝ ստեղծելով համապատասխան մարմիններ։ Այս պայմաններում, վրաց ժողովրդի վիճակը պահանջում էր, որպեսզի Վրաստանը ստեղծեր իր պետական կարգը՝ այդ միջոցով պաշտպանելով իրեն արտաքին ուժերի նվաճումներից և դնելով անկախ զարգացման ամուր հիմքեր։ Հենվելով այդ անհրաժեշտության վրա՝ Վրաստանի ազգային խորհուրդը, որը ձևավորվել էր 1917թ. նոյեմբերի 22-ին ընտրված Վրաստանի Ազգային ժողովի կողմից, հայտարարում է.
➤ 1. Վրաց ժողովուրդն այսուհետ կրում է ինքնիշխան իշխանության ողջ լիազորությունը, և Վրաստանը հռչակվում է որպես ամբողջական անկախ պետություն։
➤2. Անկախ Վրաստանի պետական կարգը ժողովրդավարական հանրապետություն է։
➤3. Միջազգային պատերազմների համատեքստում Վրաստանը մշտապես հանդես է գալիս որպես չեզոք պետություն։
➤4. Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը ձգտում է հաստատել բարիդրացիական հարաբերություններ բոլոր երկրների, մասնավորապես՝ սահմանակից պետությունների և ժողովուրդների հետ։
➤5. Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունն իր սահմաններում բոլոր քաղաքացիներին երաշխավորում է քաղաքացիական և քաղաքական հավասար իրավունքներ՝ անկախ ազգությունից և սեռից։
➤6. Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը ազատ զարգացման հնարավորություն է ընձեռում իր տարածքում բնակվող բոլոր ժողովուրդներին։
➤7. Մինչև Հիմնադիր ժողովի գումարումը Վրաստանի ողջ վարչական գործերը ղեկավարելու է Ազգային խորհուրդը, որը լրացվելու է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով, իսկ ժամանակավոր կառավարությունն իր գործունեության համար պատասխանատու է Ազգային խորհրդի առաջ:
Փաստաթուղթը ներկայացնում է 1918թ. մայիսի 26-ին Վրաստանի ազգային խորհրդի կողմից ընդունված անկախության հռչակագիրը։ Այն ստորագրված է ազգային խորհրդի անդամների կողմից և հանդիսանում է Վրաստանի առաջին հանրապետության հիմնադիր իրավական փաստաթուղթը։ Պահպանվում է՝ Վրաստանի ազգային արխիվում:
Ջեննի Թամարյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող
Հ․Գ․Վրաստանի Հայ համայնք կազմակերպությունը ևս իր պաշտոնական էջում շնորհավորել է Վրաստանի անկախության օրը՝ տեղադրելով լուսանկար և գրելով հետևյալը՝
«Շնորհավոր Վրաստանի և Հայաստանի անկախության օրը։
1918 թվականին այս շենքում հռչակվեց` Վրաստանի և Հայաստանի առաջին Հանրապետությունները»։