|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում թեև սահմանազատման-սահմանագծման գործընթացն ակտիվ փուլ չի մտել, այնուամենայնիվ, որոշակի աշխատանքներ տարվում են։ Տավուշի մարզից MediaHub-ին փոխանցեցին, որ Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Ավելին, երեկ երեկոյան սակրավորներից մեկը վիրավորում է ստացել։
«Զինվորականների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն, Տավուշի մարզից թշնամուն տարածքներ զիջելու նպատակով ականազերծում կատարելու ժամանակ, ականի պայթյունից սակրավոր է վիրավորվել։ Սակայն, ՊՆ-ն մինչ այս պահը ոչինչ չի հրապարակել այս մասին»,- ասաց Կարեն Ղազարյանը։
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի հարակից գոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Տավուշցի մեր զրուցակցի համոզմամբ՝ նոր սահմանի առկայությունն այդ գյուղերի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
«Մենք դեմ չենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում»,- ավելացրեց նա։
Նշենք, որ MediaHub-ին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ՊՆ-ց: