կարևոր
91279 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-28 18:01
Սփյուռք

Փարիզի քաղաքապետը և մի շարք անձինք օգոստոսի 30-ին կայցելեն Բերձորի միջանցք. CCAF

Փարիզի քաղաքապետը և մի շարք անձինք օգոստոսի 30-ին կայցելեն Բերձորի միջանցք. CCAF

Փարիզի քաղաքապետը՝ Անն Իդալգոն, Ֆրանսիայի շրջանների նախագահների և բարձրաստիճան այլ անձանց հետ օգոստոսի 30-ին պիտի մասնակցի CCAF-ի (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ) նախաձեռնությամբ կազմակերպված ֆրանսիական մարդասիրական շարասյանը։ Այս մասին հայտնում է CCAF-ը (համանախագահ` ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյան)։

«Փարիզի քաղաքապետն ընդառաջել է CCAF-ի խնդրանքին և դիմել է Ֆրանսիայի տեղական իշխանություններին, որպեսզի 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Արցախի Հանրապետությանը մարդասիրական շարասյուն ուղարկեն։

Այս ծրագրին աջակցում են  Իլ դը Ֆրանսը, Օվերն-Ռոն-Ալպերը, Օ դը Ֆրանսը, Օքսիտանիան, Պրովանս Ալպ Կոտ դ` Ազյուր և Պեի դը լա Լուառի շրջանները, ինչպես նաև մի քանի քաղաքներ։ Անն Իդալգոն, Զավիե Բերտրան, Բրյունո Ռտայոն, Ժանն Բարսեղյանը, ինչպես նաև Պատրիկ Քարամն ու Միշել Ռուբիրոլան որոշել են անձամբ ուղեկցել օգոստոսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Բերձորի միջանցք հասնող շարասյանը։

CCAF-ը շնորհակալություն է հայտնում շրջաններին, տեղական համայնքներին իրենց նյութական աջակցության, ինչպես նաև այս ծրագրի մեջ ներգրավված ընտրյալներին իրենց քաղաքական խիզախության ու ֆիզիկական ներկայության համար։

CCAF-ը կոչ է անում ֆրանսիական և եվրոպական իշխանություններին դիվանագիտական հատուկ միջոցներ գործի դնել, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված ֆրանսիական 10 բեռնատարները անցնեն Ադրբեջանի ապօրինաբար տեղադրված անցակետը և հասնեն իրենց նպատակակետին։

Մինչ Արցախի հայ բնակչությունը սովի է մատնված, ավելի քան երբեք ժամանակն է զորակցելու, քայլերի դիմելու և կրավորական մթնոլորտում մեր աչքի առջև ծավալվող մարդասիրական աղետի պատասխանատուներին պատժելու»։

 

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ազգային գրասենյակ

Փարիզ, օգոստոս 24