կարևոր
3664 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-24 18:07
Հասարակություն

Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Ուզբեկստանի դատափորձագիտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Ուզբեկստանի դատափորձագիտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած «Tashkent Law Spring» 3-րդ միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մայիսի 18-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը և Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ.Սուլեյմանովայի անվան դատափորձագիտական հանրապետական կենտրոնի տնօրեն Աքրամ Խալիլովը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ դատական փորձաքննությունների ոլորտում առկա կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով։

Կողմերն ընդգծել են հանցավորության դեմ պայքարի շրջանակներում դատական փորձաքննությունների ժամանակակից մեթոդների և միջոցների արդյունավետ կիրառման, ոլորտի զարգացման ապահովմանն ուղղված համատեղ գիտագործնական աշխատանքների իրականացման, բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման, համատեղ գիտագործնական մոջոցառումների անցկացման կարևորությունը։

Նախանշվել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ուզբեկստանի հանրապետական դատափորձագիտական կենտրոնի միջև փոխգործակցության շրջանակներում իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, դատափորձագիտական ոլորտի արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը կարևորում է գիտագործնական միջազգային կապերի զարգացումն ու նոր հնարավությունների ձևավորումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական բնագավառի գիտական ներուժի և առկա հնարավությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ