կարևոր
4249 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-10 12:07
Քաղաքական

Հայաստանի ու Արցախի օրհներգերի ժամանակ ոստիկանները հեռախոսով խաղում էին․ Նաիրի Հոխիկյան

Երևանի Ազատության հրապարակում մայիսի 9-ին շարունակվել է հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Մեկնարկին, երբ հնչեցին Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական օրհներգերը, նախաձեռնող խմբից՝ լրագրող Նաիրի Հոխիկյանը նկատեց, որ ոստիկանները փոխանակ պատվի կանգնեն պետական օրհներգի ժամանակ, հեռախոսներով խաղեր են խաղացել և անուշադրության մատնել պետական խորհրդանիշները։

Հոխիկյանը նշեց, որ ոստիկանությունը ևս պետության խորհրդանիշ է, հետևաբար պարտավոր է հարգել պետականությունը և այդկերպ օրինակ ծառայել ուրիշների համար։

Եռատոնի կապակցությամբ հրավիրված հանրահավաքի ժամանակ Նաիրի Հոխիկյանը հիշեցրեց, որ իր պատմության ընթացքում Արցախի բերդաքաղաք Շուշին առնվազն հինգ անգամ գրավել են թշնամիները, բայց նույնքան անգամ մեզ հաջողվել է ազատագրել այն, հետևաբար միասնական պայքարի դեպքում մենք կկարողանանք 6-րդ անգամ վերադարձնել այն, ինչ պատմականորեն մեզ է պատկանում։

Արցախի ապաշրջափակման և ինքնորոշման համար կազմակերպված հանրահավաք կլինի նաև այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 18։30-ին, Երևանի Ազատության հրապարակում։