կարևոր
3535 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-28 20:54
Աշխարհ

Պատերազմի պատճառով Ռուսաստանի հեղինակությունը «ազատ անկման մեջ է». ՌԴ-ում ԱՄՆ դեսպան

Պատերազմի պատճառով Ռուսաստանի հեղինակությունը «ազատ անկման մեջ է». ՌԴ-ում ԱՄՆ դեսպան

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները երկար ժամանակ գտնվում են «ամենացածր կետերից մեկում», «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Նա կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի հեղինակությունը «ազատ անկման մեջ է»։

Ռուսական մամուլին տված իր առաջին հարցազրույցում դիվանագետն ասել է, որ «տխուր է տեսնել, թե որ ուղղությամբ է գնում Ռուսաստանը»:

«Այն կարծես թե շարժվում է դեպի անցյալ՝ բռնաճնշումների ժամանակաշրջան»,- ասել է դեսպանը:

«Տխուր և մտահոգիչ է տեսնել, թե ինչպես են այլակարծության և հիշողության ձայները կրկին խլացվում: Եվ այստեղ, գիտեք, հարց է առաջանում՝ ինչո՞վ է դա օգնում Ռուսաստանի ապագային: Որովհետև հիմա ուկրաինացիներն էլ ավելի վճռական են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եվ ոչ միայն ուկրաինացիները, այլև Ֆինլանդիան ու Շվեդիան, երկրներ, որոնք երկար ժամանակ չեզոք էին։ Ֆինլանդիան նոր է միացել ՆԱՏՕ-ին, և մենք ակնկալում ենք, որ հաջորդը կլինի Շվեդիան: Հետևաբար, երբ լսում եմ, թե ինչպես են Ռուսաստանում այս բոլոր գործողությունները բացատրվում անվտանգության նկատառումներով, և հետո նայում եմ ներկա իրավիճակին, չեմ կարող գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպես է այս ամենը նպաստել Ռուսաստանի անվտանգության ամրապնդմանը», – ասել է ԱՄՆ դեսպանը:

Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կառավարության միջև տարաձայնությունները «Ռուսաստանի ժողովրդի հետ տարաձայնություններ չեն»։

«Ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ-ն ռուսներին չի դիտարկում որպես թշնամի։ Հիմա շատ է խոսվում ռուսաֆոբիայի, Ռուսաստանի չեղարկման, Ռուսաստանի ապագայի չեղարկման մասին։ Սա չէ Միացյալ Նահանգների նպատակը: Եվ մենք, անշուշտ, ոչ մի կերպ չենք ցանկանում վերացնել Ռուսաստանի ժողովրդին»։

Ըստ Թրեյսիի՝ Ուկրաինայում ռուսական պատերազմը թուլացրել է Ռուսաստանը և «ռուսներին ստիպել է վճարել մի գին, որը ժամանակի ընթացքում միայն կավելանա»։

«Եվ նորից առաջանում է հիմնական հարցը՝ ինչպե՞ս այս ամենը կօգնի Ռուսաստանի ապագային, նրա զարգացմանը, նրա երիտասարդության ապագային, նրա հաջորդ սերնդին»,- հարցրել է դիվանագետը:

Դեսպանը Ռուսաստանին կոչ է արել վերադառնալ Ռազմավարական սպառազինությունների պայմանագրին, ազատ արձակել The Wall Street Journal-ի ձերբակալված լրագրող Էվան Գերշկովիչին և լրտեսության համար դատապարտված ամերիկացի Փոլ Ուելանին։