կարևոր
4129 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-29 17:30
Իրավական

Սպասելի էր, որ դատավորը կբավարարի Փաշինյանի ներկա ու նախկին հանցակցի հայցը. Հոխիկյանը` Վլադիմիր Կարապետյանի հայցը բավարարելու մասին

Սպասելի էր, որ դատավորը կբավարարի Փաշինյանի ներկա ու նախկին հանցակցի հայցը. Հոխիկյանը` Վլադիմիր Կարապետյանի հայցը բավարարելու մասին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Գոնե ինձ համար սպասելի էր, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը կբավարարի Նիկոլ Փաշինյանի նախկին ու ներկա հանցակցի հայցը իմ դեմ։

Սա այն դատավորն էր, որը մոտ երկու տարի տևած «Լապշինի գործի» դատական գործընթացում թույլ տվեց բազմաթիվ իրավախախտումներ՝ իր մեջ այդքան քաջություն չգտնելով դեմ գնալ իշխանությունից իջեցված անօրինական պատվերին ու իրականացնել արդար դատաքննություն։

Ավելի վատ դատավոր Էդգար Հովհաննիսյանի համար։ Սպասենք որոշման մանրամասներին, որից հետո կմտնենք Վերաքննիչ դատարան, ինչու չէ՝ նաև ԲԴԽ ու ավելի այն կողմ։ Սա դասական Եվրադատարանի գործ է, որտեղ արդեն առաջին հարվածի տակ մնալու է իշխանության պատվեր կատարած ու նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավորը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Կարապետյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի բավարարվել է։

Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը 2021 թ. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորված լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: Նշված փաստերի հրապարակման ընթացքում ներկայացրել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լապշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, ինչին արձագանքել էր Ալ. Լապշինը՝ մասամբ ժխտելով Ն. Հոխիկյանին: Ի պատասխան Լապշինի՝ Հոխիկյանն առաջարկել է հրապարակել իրենց միջև եղած խոսակցությունները։Հուլիսի 17-ին Նաիրի Հոխիկյանը վերստին դիմել էր հրեա բլոգերին՝ վերահաստատելով իր առաջարկը։ Հուլիսի 18-ին Ն. Հոխիկյանի iammedia.am հարթակում հրապարակել էր համապատասխան ռեպորտաժ՝ ներկայացնելով ևս մեկ կարևոր ապացույց Ալ. Լապշինի և Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած և մեծ դավաճանության մասին փաստող զրույցի մասին։ Հուլիսի 19-ին Նաիրի Հոխիկյանը ևս մի քանի հիմնարար փաստեր է հրապարակել հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի և իր խոսակցություններից, որոնք նոր լույս են սփռում այս օրերին հանրայնացված և մեծ աղմուկ բարձրացրած փաստերի վրա։Ես այսօր ստիպված եմ նույն Լապշինին ասել, որ ինքը շարքային սրիկա է, և մենք՝ հայերս, սկսած ինձնից, շատ մեծ սխալ ենք արել, որ այդ շարքային սրիկային ուղղակի վստահել ենք, հավատացել ենք և որևէ կերպ նրան օգնել ենք. հուլիսի 22-ին ուղիղ եթերում հայտարարել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ վերջին բացահայտումներին ցուցաբերած ոչ անաչառ վարքագծին:Նաիրի Հոխիկյանն արձագանքել էր նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին:

Նաիրի Հոխիկյանը  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ում հուլիսի 29-ին առգրավել են իր հեռախոսը: «Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։ Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը»,– սոցցանցի իր էջում գրել էր նա։

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ տնօրենին՝ պահանջելով պարզաբանել, թե ի՞նչ իրավական հիմքերով են ԱԱԾ քննիչներն առանց դատարանի որոշման առկայության առգրավում լրագրողի անձնական գույքը: ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է հայցվող տեղեկատվության տրամադրումը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի   8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը (Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները):