կարևոր
3823 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-28 20:52
Հասարակություն

Սերունդների անկեղծ զրույց` Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում

Սերունդների անկեղծ զրույց` Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում

Մարտի 26-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում անցկացվեց «Սերունդների անկեղծ զրույց» խորագրով ցերեկույթ՝ նվիրված կանանց միամսյակին։ Նպատակն էր քննարկել ուսուցիչ–աշակերտ և մայր-երեխա փոխհարաբերությունների առանձնահատկությունն ու նրբությունները։ Ցերեկույթին հրավիրված էին վաստակաշատ մանկավարժներ, մշակութային ու հասակական գործիչներ, բժիշկներ և այլք՝ Ծալկայի, Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններից։

Զրույցին մասնակցում էին նաև ԵԿ-ի բարձր խմբերի սաները, որը վարում էր ԵԿ-ի հայ գրականության ուսուցչուհի Ա․ Ղազարյանը։ Նա իր բացման խոսքում շնորհավորեց բոլոր ներկա կանանց՝ Մայրության ու գեղեցկության տոնի առիթով, կարևորեց կնոջ անհերքելի դերակատարությունը հասարակությունում և ընտանիքում։ Եվ նշեց մոր բացառիկ դերը՝ երեխաների դաստիարակության, բարոյական նորմերի ձևավորման գործում։

ԵԿ-ի պատասխանատու Կ․ Թադևոսյանը ողջունեց հյուրերին, շնորհավորեց կանանց միամսյակի առիթով և հակիրճ տվեց կնոջ՝ մասնավորապես հայ կնոջ ու կին մտավորականի նկարագիրը։ Թադևոսյանը ներկայացրեց հայ կնոջ անցած ուղին՝ սկսած Վարդանանց պատերազմից մինչև Սարդարապատ, Արցախյանից մինչև մեր օրեր և կարևորեց հայ կնոջ, մոր ու կին մտավորականի դերն անհատի ձևավորման, հայի ինքնության պահպանման ու Մայր հայրենիքի հզորացման գործում։

Ցերեկույթն անցավ ինտերակտիվ քննարկումներով, որի ընթացքում կրտսեր սերնդին տրվեց ինքնաարտահայտման հնարավորություն, իսկ ավագ սերնդին՝ առավել խորքային ճանաչելու իր երեխային, իր աշակերտին։ Հզոր ու համոզիչ էին վաստակաշատ մանկավարժների խոսքը կրտսեր սերնդին՝ կյանքում ճիշտ կողմնորոշվելու, ծնողի ու ուսուցչի խորհրդով առաջնորդվելով՝ կյանքում իր ուրույն տեղը գտնելու, որպես անհատ ձևավորվելու գործում։

Ցերեկույթի մասնակիցներին իրենց յուրօրինակ երգ ու անհատական պարով հիացրին ԵԿ-ի երգի ու պարի խմբերի սաները։ Ցերեկույթն ավարտվեց հյուրասիրությամբ և հրավիրյալներն ստացան խորհրդանշական նվերներ՝ պատրաստված Կենտրոնի դիզայնի խմբակի սաների կողմից։

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն