կարևոր
3037 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-22 23:47
Հասարակություն

Նա չի խուսափում իր դիրքորոշումները տարբեր ֆորմատներով ներկայացնելու հարցում․ Աբրահամյանը՝ Տիրան Խաչատրյանի մասին

Նա չի խուսափում իր դիրքորոշումները տարբեր ֆորմատներով ներկայացնելու հարցում․ Աբրահամյանը՝ Տիրան Խաչատրյանի մասին

ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն արձագանքել է իշխանության ներկայացուցիչների` քննիչ հանձնաժողով գնալ-չգնալու հետ կապված հայտարարություններին` հիշեցրել այն պատճառների մասին, որին մի քանի առիթով անդրադարձել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Վերջինս մասնավորապես նշել է, որ հանձնաժողով չգնալու իր հիմնական պատճառն այն է, որ «չի գնալու մի վայր, որտեղ իրականությունը ներկայացնում են այնպես՝ ինչպես ցանկանում են»:

Խնդիրն այն չէ, թե ում է արձագանքել գեներալ Խաչատրյանը, ինչպես է դա արել, նույնիսկ այս պահին չեմ էլ քննարկում, թե որն է ճիշտ` գնա՞լը, թե՞ չգնալը:

Հանրային տեսանկյունից, Տիրան Խաչատրյանը հաշվետվողականություն է ապահովել հասարակության համար, ի տարբերություն ոմանց, ձևակերպել իր դիրքորոշումը` դրանով կանխելով իշխանության ներկայացուցիչների` իր անունից խոսելու կամ արժանապատվությունը խոցելու փորձերը:

Տիրան Խաչատրյանի հետ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ժամանակահատվածի վերաբերյալ ծանր քննարկումներ ենք ունեցել, նաև հանրային հարթակներում, բայց կարևոր եմ համարում, որ նա չի խուսափում իր դիրքորոշումները տարբեր ֆորմատներով ներկայացնելու հարցում, քննարկման համար պատրաստակամ է և այն զինվորականներից է, ով ծառայության մեջ չգտնվելով իր անելիքն ավարտված չի համարում:

Կրկնում եմ` կան հարցեր, որոնց հետ կապված մեր մոտեցումները շատ տարբեր են, սակայն ստեղծված իրավիճակում իր կեցվածքն ու դիրքավորումը կարևոր են»,- գրել է Աբրահամյանը: