կարևոր
4360 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-01 23:38
Աշխարհ

Երկաթուղային վթարից հետո Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել

Երկաթուղային վթարից հետո Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել

Հունաստանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել երկաթուղային վթարից հետո, որի հետեւանքով բազմաթիվ զոհեր են եղել՝ հայտարարելով, որ իր վրա է վերցնում է տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։

Կարամանլիսն ասել է, որ կառավարությունը հունական երկաթուղին ընդունել է «21-րդ դարին ոչ համապատախան» վիճակում։ «Այս 3,5 տարվա ընթացքում մենք բոլոր ջանքերը գործադրել ենք այս իրողությունը բարելավելու համար։ Ցավոք, այդ ջանքերը բավարար չեն եղել նման վթարը կանխելու համար։ Եվ դա շատ դժվար է բոլորիս եւ անձամբ ինձ համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա չի եղել։ «Ես մի քանի տարի զբաղվում եմ քաղաքականությամբ, բայց մեր ժողովրդավարության անհրաժեշտ տարր եմ համարում, որպեսզի մեր երկրի քաղաքացիները վստահեն քաղաքական համակարգին։ Սա կոչվում է քաղաքական պատասխանատվություն։ Այդ իսկ պատճառով ես հրաժարական եմ տալիս տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից»,- ասված է հայտարարության մեջ։

Նրա խոսքով, ինքը իր պարտքն է համարում դա անել որպես զոհված մարդկանց հիշատակի հանդեպ հարգանքի նվազագույն նշան՝ «իր վրա վերցնելով Հունաստանի պետական ու քաղաքական համակարգի վաղեմի սխալների պատասխանատվությունը»։

Մարտի 1-ի կեսգիշերին մոտ Աթենքի եւ Սալոնիկիի միջեւ՝ Լարիսա քաղաքից ոչ հեռու, նույն գծի վրա գտնվող բեռնատար եւ մարդատար գնացքների ճակատային բախում է տեղի ունեցել։ Հրշեջ ծառայության վերջին տվյալներով՝ զոհվել է 36 մարդ։ Հրշեջները հայտնում են, որ զոհերի թիվը կավելանա։ Մոտ 130 մարդ վիրավորվել է, նրանցից 72-ը հոսպիտալացվել են։ Մահացածների թվում կան բազմաթիվ երիտասարդներ՝ ուսանողներ, որոնք Լարիսայից եւ Աթենքից վերադառնում էին Սալոնիկիի համալսարաններ։ Ողբերգության պատճառներից մեկը համարում են հնացած սարքավորումները, որոնք չեն աշխատել։