կարևոր
3973 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 13:58
Իրավական Քաղաքական

Փաստաբանների աշխատանքը պետք է նաև արժանանա հավուր պատշաճի պաշտպանության օրենսդիր մարմնի կողմից․ Արծվիկ Մինասյան

Չափազանց կարևոր է մտավոր սեփականության և ապրանքային նշանների կարգավորումը հատկապես միջազգային իրավունքի տեսակետից և Հայաստանի տնտեսության մրցունակության ապահովման առումով։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Հետևաբար, դրա շրջանակներում, այս համադրումը և փոփոխությունը նույնպես կարևոր է համարվում, սակայն տուրքերի համադրելիության առումով դեռևս քննարակման անհրաժեշտություն կա։ Հատկապես միջազգային գրանցումների շրջանակներում, ինչպիսի հարաբերակցություն սահմանվի, որ մրցունակությունը հավուր պատշաճի լինի։ Օգտվելով առիթից, ուզում եմ  նաև անդրադառնալ, մամուլում տարածված և փաստաբանների պալատի կողմից հրավիրված ասուլիսի շրջանակներում  ներկայացված հայտարարությանը, փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելուն, դատապարտելով այս երևույթը, չափազանց կարևոր եմ համարում, որպեսզի մենք առաջիկայում, նախաձեռնենք այս երևույթների քննարկումը։ Փաստաբանների պալատի և ընդհանրապես փաստաբանական համայնքի իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է, հատկապես հիմա, երբ իրավունքների մասսայական խախտումների շրջանակներում, փաստաբանների կողմից իրականացվող աշխատանքը պետք է  նաև արժանանա հավուր պատշաճի պաշտպանության օրենսդիր մարմնի կողմից։ Դատապարտելով այս բռնությունը՝ պահանջում ենք, որպեսզի լիարժեք քննություն իրականացվի, բացահայտվեն մեղավոր անձիք, ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա։