կարևոր
9730 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-09 11:13
Քաղաքական

Պետք չէ պատրանք ստեղծել, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի սալիկների նման հրաշալի են ու ախորժալի. Արթուր Խաչատրյան

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է  իր հարաբերությունները բոլորի հետ՝ բոլոր դաշնակիցների ու  բարեկամների հետ։ Ես  հաստատում է  Փաշինյանի այն միտքը, որ  Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել, ավելին՝ ոչ միայն Եվրոպայում, նաև Իրանում, ՌԴ-ում, դատելով ամեն ինչից՝ նաև ԱՄՆ-ում։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝  Հայաստանի ու  Ռուսաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան  լարված չեն եղել, ինչպես այսօր:

«Դա նույնիսկ այսօրվա իշխանությունները չեն թաքցնում. Լավրովի վերջին հայտարարությունը դրա վկայությունն է։  Լավրովի վերջին հայտարարությունը դրա վկայությունն է։ Կարևորը միայն այն չէ, թե ինչ ասաց Լավրովը, այլ՝ թե ինչու ասաց»,- ասաց նա։

Խաչատրյանը ընդգծեց՝  պետք չէ պատրանք ստեղծել, թե խնդիրները ՀԱՊԿ-ի հետ են, իսկ «ՌԴ-ի հետ հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի սալիկների նման հրաշալի են ու ախորժալի»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններն, պատգամավորը ասաց, որ ԱՄՆ-ն իրենց դաշնակիցներին ոչ միայն զենքով են օգնում, նաև փողով, դա իրենց օգնության մեխանիզմներից մեկն է։

«Նայենք Հայաստանին տրամադրվող օժադակության ծավալներին, համեմատեք  այն արտաքին օժանդակության հետ, որ ՀՀ-ն ստանում էր 20, 25, 30  տարիներ առաջ։ Իսկ Ադրբեջանը շատ ավելի մեծ աջակցություն է ստանում, նաև ռազմական աջակցություն։  Ուրեմն ի՞նչ փոխվեց 2018 թվականից հետո։ Առևտրատնտեսական  հարաբերությունները կարգավորվում են 2005 թվականի առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրով, այլ համաձայնագիր, որը կթանի մեր  հարբերությունները ԱՄՆ հետ, չունենք»,- ասաց պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե  ԱՄՆ պետդեպարտամենտը պատահական չէր հայտարարել, որ Հայաստանում կոռուպցիան խանգարում է ներդրումներին:

«Ի դեպ, երեկ Փաշինյանը նույնպես խոստովանեց, որ հերիք չէ կոռուպցիա կա, այլևէ մի բան էլ շատացել է», - նշեց Արթուր Խաչատրյանը:

Նա ասաց, թե Եվրոպայում ոչ միայն Հայաստանին խեթ են նայում, այլև չեն վստահում:

«Այնքան չեն վստահում, որ  ասում են՝ պետք է դիտորդներ գան, որ համոզվեն, որ չեք խաբում: Ֆրանսիայից ժանդարմներ են գալու, գալու են, քանի որ  ՀՀ իշխանությունների խոսքին չեն վստահում, չեն հավատում», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Հայաստանի իշխանությունները, ըստ ընդդիմադիր պատգամավորի,  փորձ են անում բոլոր բարեկամների ու դաշնակիցների հետ հարաբերությունների ձախողումը  կոմպենսացնել թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարաբերությունների հետ բարելավումով:

«Սակայն, այստեղ էլ են ձախողել, որքան էլ խոսեն խաղաղության դարաշրջանի մասին, Թուրքիայի ու Ադրբեջանի թշնամական գործողությունները Հայաստանի դեմ չեն նվազում», - ասաց նա։