կարևոր
3172 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-19 19:30
Հասարակություն

Հրդեհի հետևանքով զոհված Ռոստոմն ընտանիքի առաջնեկն էր, ուներ իրենից փոքր քույրեր և եղբայր․ News.am

Հրդեհի հետևանքով զոհված Ռոստոմն ընտանիքի առաջնեկն էր, ուներ իրենից փոքր քույրեր և եղբայր․ News.am

NEWS.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 19-ամյա զինծառայող Ռոստոմ Ասրյանը։ Նա Լոռու մարզի Հոբարձ բնակավայրից էր։

NEWS.am-ի հետ զրույցում Հոբարձի վարչական ղեկավար Կարեն Լալազարյանը պատմեց, որ Ռոստոմն ընտանիքի առաջնեկն էր, ուներ իրենից փոքր քույրեր եւ եղբայր, վերջինս մանկապարտեզ է գնում, ծնողներն էլ զբաղվում են գյուղատնտեսությամբ։

Ռոստոմ Ասրյանը սովորում էր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։