կարևոր
3367 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-14 15:05
Քաղաքական

Իշխանությունն իր հայտարարության նախագծով հերթական անգամ ձեռքերը լվանում է Արցախից․ Գեղամ Մանուկյան

Իշխանությունն իր հայտարարության նախագծով հերթական անգամ ձեռքերը լվանում է Արցախից․ Գեղամ Մանուկյան

Քիչ առաջ Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը մերժեց Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների անունից դեռ երեկվանից շրջանառության մեջ դրված ԱԺ հայտարարության նախագիծը եւ արտաերթ նիստ հրավիրեց իրենց անատամ փաստաթղթի համար։

Մենք լքեցինք նիստերի դահլիճը, քանի որ այն նախագիծը, որն առաջարկում է ՔՊ-ն, ոչ միայն համարժեք չէ Ադրբեջանի կողմից այս օրերին Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիային, այլեւ վնասելու է այս հարցում արցախահայության իրավունքների, այդ թվում՝ ինքորոշման իրավունքի պաշտպանությանը։

Թեկուզ մեկ փաստ. հայտարարության մեջ իշխանական պատգամավորները ոչ միայն չեն դատապարտում ադրբեջանական գործողույթունները, խուսափում են Արցախի Հանրապետության մասին հիշատակել, այլեւ գործածում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ անորոշ ձեւակերպումը։

Իշխանությունը մեր նախագծի մերժումը պատճառաբանում է, թե դա չի համապատասխանում Հայաստանի պաշտոնական քաղաքականությանը։ Իրենց այս երկու տարվա քաղաքականությունը տեսանք ուր բերեց հասցրեց. ոչ միայն խաղաղություն չհաստատեց, այլեւ առավել բացեց ադրբեջանական ախորժակն ու պատճառ դարձավ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացիային, հիմա էլ Արցախի դեմ նոր ցեղասպանության սանձազերծման։

Իշխանությունն իր հայտարարության նախագծով հերթական անգամ ձեռքերը լվանում է Արցախից ու մեր քույր, եղբայրների իրավունքների պաշտպանությունից։ Երեկվանից արդեն ՔՊ-ական պատգամավորներն, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե արցախահայության իրավունքների պաշտպանությունը միայն ռուսական կողմի պարտավորությունն է՝ մոռանալով Մայր Հայրենիքի, Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, որի մասին իրենք խոսում էին նախընտրական քարոզարշավի ժամանակ, անգամ կառավարության ծրագրում են վերահաստատել։

Ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը սա է.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է սույն թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը։

Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ որի Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։

Պաշտոնական Բաքուն իր ապակառուցողական քայլերով ցույց է տալիս, որ հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության դեմ՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել։

Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է:

Լաչինի միջանցքն Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհ է, որի չգործելը հղի է ծանրագույն հումանիտար հետևանքներով: Այս ճանապարհի պարբերական արգելափակումը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության անհրաժեշտությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ և ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ։

Զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող անհրաժեշտ միջոցներ կիրառել՝ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանիցների սադրանքները կանխելու համար։

Կոչ ենք անում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին չտրվել սադրանքներին, պահպանել զգոնությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն Արցախի նկատմամբ և ամբողջությամբ տեր է կանգնելու իր հանձնառությանը։

 

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր