կարևոր
2647 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-05 19:50
Քաղաքական

Ավտոկայարանների կառավարումը, հնարավոր է, փոխանցվի Գագիկ Ծառուկյանի ընկերություններին. «Հետք»

Ավտոկայարանների կառավարումը, հնարավոր է, փոխանցվի Գագիկ Ծառուկյանի ընկերություններին. «Հետք»

«Կենտրոնական», «Հյուսիսային» և «Սասունցի Դավիթ» ավտոկայարանների կառավարումը, հնարավոր է, փոխանցվի ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընկերություններին։ Այս մասին տեղեկացնում է «Հետքը»,  նշելով, որ  տեղեկությունը չի հերքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Գրավոր հարցմամբ դիմել էինք ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ խնդրելով տրամադրել ավտոկայարանները կոնցեսիոն կառավարման վերցնելու համար նախարարություն դիմած ներդրողների տվյալները։ Միաժամանակ խնդրել էինք հաստատել կամ հերքել այն տեղեկությունը, որ ավտոկայարանները կառավարելու համար նախարարությանն են դիմել նաև նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընկերությունները։

ՏԿԵ նախարարի՝ տրանսպորտի ոլորտը համակարգող տեղակալ Արմեն Սիմոնյանը, պատասխանելով մեր հարցերին, հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ին վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումային կոմիտեի» 2-րդ նիստը։ Այդ ժամանակ քննարկվել է նաև ՏԿԵ նախարարությանը պատկանող «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու ներդրումային ծրագիրը։

«Քննարկման արդյունքում որոշվել է իրականացնել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն: Ներկայումս ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է աշխատանքներ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման համար։ Ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքների հիման վրա կընդունվի որոշում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու նպատակահարմարության վերաբերյալ»,- նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների՝ ավտոկայարանները կոնցեսիոն կառավարման վերցնելու մտադրության մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից։ Սակայն, նա չպատասխանեց մեր զանգերին։

Ըստ պաշտոնական տվյալների՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու ծրագիրը գնահատվում է 5 մլրդ 848 մլն դրամ: Ծրագրով նախատեսվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի բալանսում գտնվող 26 ավտոկայարանային համալիրների վերակառուցում և նոր ավտոկայարանի կառուցում Երևանում։