կարևոր
4096 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-08 12:43
Քաղաքական

ՏԿԵ փոխնախարարը՝ սկանդալային գործարքի «հովանավոր»․ ապօրինությունը պոզով-պոչով չի լինում

ՏԿԵ փոխնախարարը՝ սկանդալային գործարքի «հովանավոր»․ ապօրինությունը պոզով-պոչով չի լինում

MediaHub-ը պարզել է Արմավիր-Երեւան ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող «Ընկերներ տրանս» ընկերության հետ փոխկապակցված հայտնի անձանց ենթադրյալ մասնակցությունն ապօրինի գործարքին։

Օրերս հայտնի դարձավ, որ Ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով «Ընկերներ տրանս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, այդ աշխատանքները համակարգող, կարգավարի գործառույթներն իրականացնող Գառնիկ Երանոսյանից և Սիփան Հակոբյանից 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը պահանջել եւ ստացել է շուրջ 220 հազար դրամ կաշառք: Ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող ընկերության աշխատակիցներից կաշառք ստանալու մեջ մեղադրվող ոստիկանը կալանավորվեց։

Արմավիր-Երեւան ապօրինի ուղեւորափոխադրումների մասին ահազանգեր եղել են դեռեւս 2018թ․-ից սկսած՝ երթուղին սպասարկող միակ լիցենզավորված՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ-ի սեփականատեր Շուշանիկ Խաչատրյանի կողմից։ Նա տարիներ շարունակ հայտարարում էր, որ իր ղեկավարած ընկերության սպասարկած երթուղով ապօրինի փոխադրումներ են իրականացվում։ Խաչատրյանի պնդմամբ, ապօրինի փոխադրումներն իրականցվում էին վերահսկողության բացակայությամբ, իսկ փոխադրումներ իրականցնողները կապ ունեին օլիգարխ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանանի մերձավոր, քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգո անունով հայտնի Ռուբեն Կոստանյանի հետ։ Բոգոն սերտ հարաբերություններ ունի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների փոխնախարար Արմեն Սիմոնյանի, ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների եւ Արմավիրի ոստիկանության պաշտոնատար անձանց հետ, որոնց հովանավորությամբ էլ տեղի է ունենում ենթադրյալ անօրինական գործարքը։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում պնդում է Շուշան Խաչատրյանը։

Այսօր մեր խմբագրություն են ուղարկվել նկարներ, որոնք փաստում են՝ ապօրինի ուղեւորափոխադրումներ իրականացնող մեքենաները կրկին դուրս են եկել երթուղի (նկարները՝ կից)։

Ի դեպ, «Ընկերներ տրանս» ընկերությունը, մասնակցելով ՏԿԵ նախարարության 2021 թվականի մրցույթին, պարտվել է։ Ու չնայած ընկերությունը պարտվել է, այդուհանդերձ, շարունակում է անօրինական ուղեւորափոխադրումներ իրականացնել՝ Արմավիր-Երեւան երթուղով։ Հիմա այն մասին, թե ովքեր են կանգնած այս ընկերության հետեւում։

Որպեսզի 2018թ-ից Արմավիր-Երեւան երթուղում ապօրինի ուղեւորափոխադրումներ իրականացնող մեքենաները մասնակցեն նախարարության հայտարարած մրցույթին եւ լիցենզավորվեն, բացվում է «Ընկերներ տրանս» ՍՊ ընկերությունը։ Ընկերությունը հիմնադրվում է 2021 թվականի հունիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու՝ Քաջիկ Գեւորգյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի 84% բաժնետեր Էդգար Անտոնյանի կողմից։ Էդգար Անտոնյանը եւ Քաջիկ Գևորգյանն «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ում ունեցել են հավասարաչափ՝ 50% բաժնեմաս։ Հուլիսի 28-ին Նահապետ Գեւորգյանի որդին դուրս է եկել ընկերությունից, նրան փոխարինել է Կենտրոնական ավտոկայանի հարակից տարածքում մի շարք ապօրինի շինություններ կառուցած Հովհաննես Սիմոնյանը։

Սիմոնյանը քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանի (հայտնի է Նորագյուղցի Բոգո անվամբ) մտերիմն է, իսկ Կոստանյանը Սամվել Ալեքսանյանի մտերիմն է՝ նախկին պատգամավորի՝ Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) խնամին։ Հատկանշական է, որ ընկերության հիմնադրումից դեռեւս մեկ տարի առաջ՝ 2018-2019թթ․-ը ՊԵԿ-ը 3-4 անգամ ստուգումներ է իրականացրել, որի արդյունքում քրեական գործ է հարուցվել 30 վարորդի նկատմամբ։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության բաստիոն հայտարարված երկրում, քրեական օլիգարխիան անօրինական գործարքի մեջ է պետական կառույցների հետ. այս մասին պնդում է մեր զրուցակիցն ու հիմնավորում։

 

«Անօրինական ուղեւորափոխադրումների գործով կալանավորվել է միայն ոստիկանության աշխատակիցը, մինչդեռ ապօրինության հիմնական պարագլուխներն առ այսօր չեն պատժվել եւ շարունակում են իրենց ապօրինությունը։ Երեկ Բոգոն մտել է ոստիկանություն, «դաբռոն» ստացել է ու մեքենաներն այսօր հանել է երթուղի։ Հիշյալ ապօրինության մասին դեռեւս 2018թ․-ից եմ ահազանգում։ Բազմիցս նամակներ եմ գրել Փաշինյանին, Արային Հարությունյանին, Գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանապետին, սակայն որեւէ մեկը չի զբաղվում այս հարցով»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ իր ներկայացրած հաղորդման հիման վրա է կալանավորվել ոստիկանության աշխատակիցը։

Ի դեպ, անցած կիրակի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Շուշանիկ Խաչատրյանին պատկանող միկրոավտոբուսները, տեղափոխել տուգանային հրապարակ՝ հիմնավորմամբ, որ նրան պատկանող ընկերությունը չունի Արմավիր-Երևան երթուղին սպասարկելու ժամկետի թույլտվություն։ Օրվա ավարտին ընկերության սեփականատիրոջը հաջողվել է դուրս բերել մեքենաները տուգանային հրապարակից։ Խաչատրյանը համոզված է՝ ուժայինները կիրակի օրով նման արկածախնդրության են գնացել ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հրահանգով։

«Մինչեւ 2018 թվականը այն ժամանակվա Տրանսպորտի նախարարությունը 6 ամիսը մեկ մեխանիկորեն ժամկետը երկարացնում էր, իսկ 2018թ․-ից հետո այս իշխանությունները միտումնավոր չեն երկարացնում, որպեսզի խաթարեն «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության աշխատանքը եւ գծում տեղ տան հայտնի քրեական հեղինակություն Բոգոյի ընկերությանը»,-ասում է նա։

Փոխադրող ընկերության տնօրենի պնդմամբ` ինքը դեռ օգոստոսի 26-ին է դիմել ՏԿԵ փոխնախար Սիմոնյանին՝ առ այն, որ օգոստոսի 31-ին երթուղին սպասարկելու ժամկետը լրանում է, խնդրելով տրամադրել տեղեկանք՝ ժամկետը երկարացնելու մասին։ ՏԿԵ նախարարությունը իր դիմումներն անարձագանք է թողել։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը վստահ է՝ տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանի մատը խառն է անօրինական գործարքին։ ՏԿԵ-ում ամեն գնով փորձում են այնպես անել, որպեսզի Արմավիրի մարզի երթուղին տրամադրեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ նրա մտերիմին՝ «Նորագյուղցի Բոգո»-ին։

Երեկ MediaHub-ը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ, սակայն նախարարը, նախ, ասաց, որ սպասում են դատական գործընթացի ավարտին, ապա ձայնային հաղորդագրություն ուղարկեց փոխնախար Սիմոնյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ի դեպ, կիրակի օրը «Գալակտիկա տրանս» ընկերության 3 մեքենա տուգանվել է՝ տարբեր չափի գումարներով, այն դեպքում, երբ ընկերության տնօրենի՝ գծում մեքենաները շահագործելու ժամկետը երկարացնելու դիմումները «քնում են» փոխնախարար Սիմոնյանի աշխատասեղանին։

Շուշանիկ Խաչատրյանի խոսքով՝ փոխնախարարի հրամանով ընկել են իր հետեւից. «Որպեսզի ապացուցեն, որ իմ մեքենաները շահագործվում են խախտումներով, ծիծաղելի արձնագրումներ են անում, օրինակ, որ ուղեւորը ավտոբուսում նստած է առանց ամրագոտու»,-շեշտեց նա։

Նշենք, որ այս ամենը տեղի է ունենում վարչական դատարանի՝ նոյեմբերի 24-ի սպասվելիք վճռին ընդառաջ։ Դատարանում վիճարկվում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրամանը, որով չեղարկվել էին Արմավիրի միասնական երթուղու մրցույթի արդյունքները։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրենը պնդում է՝ դատական գործընթացն ամենեւին կապ չունի տեղեկանքը տալու հետ։

Շարունակելի․․․

Լիա Սարգսյան