կարևոր
4867 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-03 12:31
Իրավական

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ պետի տեղակալը ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության աշխատակիցներից ստացել է կաշառք

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ պետի տեղակալը ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության աշխատակիցներից ստացել է կաշառք

Ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով «Ընկերներ տրանս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, այդ աշխատանքները համակարգող, կարգավարի գործառույթներն իրականացնող Գառնիկ Երանոսյանից և Սիփան Հակոբյանից 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը պահանջել և ստացել է շուրջ 220 հազար դրամ կաշառք:

Գլխավոր Դատախազությունից հայտնում են, այս մասին փաստական տվյալները ձեռք են բերվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված քրեական վարույթով նախաքննության ընթացքում:

2022 թվականի նոյեմբերի մեկին հսկող դատախազի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է, և ենթադրաբար կաշառք ստացած պաշտոնատար անձի, ինչպես նաև նրան կաշառք տվողների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել դատարան ներկայացնելու նպատակով ազատության մեջ գտնվող հիշյալ մեղադրյալներին ձերբակալելու մասին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: