կարևոր
11851 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-03 10:56
Հասարակություն

Ինչու՞ են Դումանյանն ու Թռչունյանը խուսափում ագրարայինի մասին հարցերից

Ինչու՞ են Դումանյանն ու Թռչունյանը խուսափում ագրարայինի մասին հարցերից

Yerkir.am-ը տեղեկացել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Դեմիրճյանը դեռևս ապրիլ ամսին հեռացվել է համալսարանից, սակայն մինչ օրս շարունակում է մնալ խորհրդի կազմում:

Այս հարցի պարզաբանման համար դիմել էինք ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանին: Ներկայացնում ենք հարցումն ամբողջությամբ.

«Մեր տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ուսանողների կողմից ներկայացված Վարդան Դեմիրճյանը ամիսներ առաջ չի մասնակցել ամփոփիչ ատեստավորմանը հանրապետությունից բացակայելու պատճառով: 

ՀԱԱՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգի 32-րդ կետի համաձայն՝ ամփոփիչ քննության չներակայացած շրջանավարտին թույլատրվում է նոր պաշտպանություն` հաջորդ ուսումնական տարվա ավարտին կամ հետագա տարիներին ևս մեկ անգամ: Ստացվում է, որ Վ. Դեմիրճյանը ոչ միայն չի ավարտել բուհը, այժմ չունի ուսուցանվողի կարգավիճակ, այլ տևական ժամանակահատված շարունակում է մնալ հոգաբարձուների խորհրդի անդամ: 

Միաժամանակ, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: 

Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի կառավարիչը տեղեկացնում է հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին: 

Խնդրում եմ Ձեր պարզաբանումները հետևյալ հարցերի վերաբերյալ. 

1. եր՞բ է նշանակված եղել Վ. Դեմիրճյանի ավարտական քննությունը, 

2. եր՞բ է Վ. Դեմիրճյանը ազատվել համալսարանից (խնդրում եմ տրամադրել համապատասխան հրամանի պատճենը), 

3. համալսարանի ռեկտորը խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում արդյո՞ք տեղեկացրել է այդ մասին խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին (առկայության դեպքում խնդրում եմ տրամադրել այդ գրության պատճենը), 

4. խախտվե՞լ է արդյոք «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը»: 

Քանի որ Վ. Դումանյանը հավանաբար ծանրաբեռնվածության պատճառով չի կարդում իրեն հասցեագրված նամակները, մեր հարցերին փորձել են պատասխանել փոխնախարար Թռչունյանն ու համալսարանի ռեկտոր Ուռուտյանը:

Ռեկտորը հաստատել է, որ Վ. Դեմիրճյանը չի ներկայացել ս.թ. ապրիլի 20-ին նշանակված ամփոփիչ ատեստավորմանը և ապրիլի 29-ին հեռացվել է համալսարանից (շնորհակալ ենք 1-ին և 2-րդ հարցերին հստակ պատասխանելու համար):

3-րդ հարցի կապակցությամբ նշել է, որ անմիջապես ծանուցել է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին:

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն ռեկտորը պետք է տասնօրյա ժամկետում տեղեկացներ հիմադիրներին, իսկ 30-օրյա ժամկետում նշանակվեր նոր անդամ: Փոխնախարարն ու ռեկտորը հավանաբար պետք է իմանային, որ բուհի կանոնադրության 4-րդ կետի համաձայն համալսարանի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ ՀՀ անունից հանդես եկող պետական մարմինը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է, որտեղ էլ փոխնախարար է աշխատում Թռչունյանը:

Թռչունյանն իր պատասխանում մեջբերում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, ըստ որի խորհրդի անդամների 25 տոկոսը պետք է լինեն ուսանողները: Չնայած սույն մեջբերումը մեր հարցերի հետ կապ չունի, այնուամենայնիվ մենք ևս փաստում ենք որ շուրջ 6 ամիս այդ 25 տոկոսի կազմի մեջ է մտնում ուսանողի կարգավիճակ չունեցող անձը:

Թռչունյանը նաև նշում է, որ ԿԳՄՍ նախարարությունը իրավասու չէ միջամտել ուսանողական խորհրդի գործունեությանը: Եվս մեկ հարց էլ հրապարակային հնչեցնենք, չնայած պատասխանի ակնկալիք չունենք. «Մեր 4 հարցերը 4 անգամ ընթերցելուց հետո կասե՞ք, որ հարցն է առնչվում ուսխորհրդի գործունեությանը միջամտելուն»:

Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ

1. Ուսասնողի հեռացվելու մասին բուհի ռեկտորը տասնօրյա ժամկետում չի տեղեկացրել հիմնադրին՝ ի դեմս նախարար Դումանյանի: Փոխարենը` անմիջապես ծանուցել է ուսխորհրդի նախագահ Թոռնիկին:

2. 30-օրյա ժամկետում չի նշանակվել նոր անդամ:

3. Ավելի քան 6 ամիս խորհրդի անդամ է շարունակում մնալ ուսանողի կարգավիճակ չունեցող անձը:

4. Դումանյանը ծանրաբեռնվածության պատճառով չի ընթերցում իրեն ուղղված նամակները, իսկ Թռչունյանն ընթերցում է, սակայն չի ցանկանում հասկանալ մեր հարցերի բովանդակությունը:

5. Խախտվել են «Հիմնադրամների մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքները, համալսարանի կանոնադրությունը: