կարևոր
3451 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-31 16:42
Քաղաքական

Հայաստանը համաձայն է Երևանի և Բաքվի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների ռուսական նախագծին․ Փաշինյան

Հայաստանը համաձայն է Երևանի և Բաքվի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների ռուսական նախագծին․ Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ. մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ կայացնել՝ հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վրա։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն Հայաստանի լիակատար վերահսկողության ներքո և գործարկվեն Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը պետք է վերահսկի վերոնշյալ պայմանագրերի կատարման ընթացքը», - ասել է Փաշինյանը։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զինուժի դուրսբերման կարևորության մասին։

«Հուսով եմ, որ այսօրվա քննարկումներից հետո այս հարցը կլուծվի, մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը՝ 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ ադրբեջանական զորքերը դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության մասին ձևակերպմամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հաստատման ռուսական նախագծով առաջարկված մոտեցումներին Նիկոլ Փաշինյանը ասել է հետևյալը․

«Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար ընդունելի են հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հաստատման ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները։

Անցած շաբաթ «Վալդայ» ակումբի հարթակում Դուք անդրադարձաք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցին, ընդգծելով այդ գործընթացի որոշ կարևոր պարամետրեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ հաստատելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց կողմ է արտահայտվում հայկական կողմը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերջին՝ Ձեր մասնակցությամբ փակ նիստի ընթացքում ես խոսել եմ այս մասին և ցանկանում եմ կրկին ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով մեզ համար ընդունելի են այն մոտեցումները,  որոնք առաջարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքների և պարամետրերի մասին ռուսական նախագծով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։