կարևոր
3613 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-02 09:56
Արցախ Քաղաքական

Պահանջել ենք անվտանգության խորհրդի նիստ անցկացնել

Պահանջել ենք անվտանգության խորհրդի նիստ անցկացնել

Սեպտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցը տվեց Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ կրկին հայտարարեց, թե ինքն Արցախի հարցի հետ որևէ առնչություն չունի, քանի որ հարցի հիմնական շահառուն արցախցին է։

«Կա էդպիսի գաղափար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել։ Մենք կարծում ենք նաև, որ, այո՛, Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել և պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղյան հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Մեր կարծիքը ի սկզբանե՝ 2018-ից եղել է այն, որ ԼՂ-ն պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն, և մենք շարունակում ենք այդպես մտածել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի մասին, բացի իրենից, այլ պաշտոնյաների տեղեկացվածության հարցին, ինչը հատկապես ՀՀ առաջին նախագահ Լևորն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո սկսեց քննարկվել, Նիկոլ Փաշինյանն երեկվա իր հարցազրույցում ասաց, թե բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ է՝ ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այնպես էլ՝ Անվտանգության խորհուրդը, Արցախի իշխանությունները։

«Ես ճիշտ եմ համարում, որ պետք է տեղյակ պահեմ ԼՂ նախագահին։ Ես գիտեմ, որ նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն ԱԽ-ին, և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, և ուզում եմ ընդգծել, որ խորհրդակցության անդամների մի մասը, իմ կարծիքով, այս բերումով տեղյակ է ամբողջությամբ բանակցային պրոցեսից, մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է, որովհետև ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ»,- հավելել է նա։

168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն չտվեց, նշելով, որ պահանջել են անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, դրանից հետո իրենց մեկնաբանությունը կտան։

«Որոշ գործընթացներ կան, այսօր պահանջել ենք, որպեսզի անվտանգության խորհրդի նիստ հրավիրվի, այսօր չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, ճիշտ չեմ համարում։

Նիկոլ Փաշինյանի երեկվա արտահայտած մտքերը մեզ բավականին մտահոգել են, այդ պատճառով էլ պահանջել ենք անվտանգության խորհրդի նիստ անցկացնել»,- նշեց Դավիթ Իշխանյանը։

Աղբյուրը՝  168.am