կարևոր
5581 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-25 12:12
Քաղաքական

Գլենդեյլի քաղաքային խորհուրդը Գլենդեյլն ու Մարտունին քույր քաղաքներ է հռչակել

Գլենդեյլի քաղաքային խորհուրդը Գլենդեյլն ու Մարտունին քույր քաղաքներ է հռչակել

Օգոստոսի 23-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել Գլենդել քաղաքի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ քոյր-քաղաք յարաբերութիւններ հաստատելու մասին։

Գլենդելի Հայ Դատի Յանձնախումբը շնորհաւորել և այս պատմական պահի համար շնորհակալութիւն է յայտնել Գլենդելի քաղաքային խորհրդին միաձայն քուէարկութեան համար:

Գլենդելի քաղաքապետ Արտաշէս Քասախեանի գլխաւորութեամբ եւ խորհրդի անդամ Արա Նաճարեանի գլխաւորութեամբ քաղաքային խորհուրդը միաձայն հաստատում է երկարաժամկէտ գործընկերութիւն երկու քաղաքների միջեւ՝ բացելով մշակութային, կրթական, մասնագիտական ​​եւ հումանիտար համագործակցութեան հնարաւորութիւններ։

«Այս համաձայնագրով մեր երկու քաղաքների միջև կայացող փոխանակումներից մենք շատ բան կը կարողանանք շահել։ Բացի այդ, այս յարաբերութիւնները յստակ պատգամ են ուղարկում, որ մենք կանգնած ենք Արցախի ժողովրդի եւ նրա արդար իրաւունքների կողքին՝ խաղաղ ապրելու իրենց պապենական հողերում՝ զերծ Ադրբեջանի ագրեսիայից», - նշել է քաղաքապետ Քասախեանը Գլենդելի Հայ Դատի Յանձնախումբին ուղղուած յայտարարութեան մէջ։

«Մարտունեցիները ոգեւորուելու են ցուցաբերած մեր աջակցութիւնից, նաեւ զբօսաշրջութեան եւ ֆինանսական աջակցութեան ասպարէզներում»,- խորհրդի նիստում մեկնաբանեց բանաձեւը երկրորդած խորհրդի անդամ Նաճարեանը՝ անդրադառնալով Ամարասի վանք կատարած իր այցին եւ շրջանի կենսունակ համայնքի հետ ունեցած իր փորձառութեանը:

«Այն ամէնը, ինչ հիմա կատարւում է Արցախում, երբ Արցախում ժողովուրդը բառացիօրէն պայքարում է իր գոյութեան եւ իր պապենական հողի վրայ ազատ ապրելու համար, սա ամենաքիչն է, ինչ մենք կարող ենք անել։ Յոյսով եմ, որ այսօր մեր կառուցած քոյր քաղաքային յարաբերութիւնները մէզ թոյլ կը տան դասէր քաղել նաև նրանց տոկունութիւնից»,- նիստի ժամանակ նշեց քաղաքային խորհրդի անդամ՝ Էլէն Ասատրեանը:

Մարտունին գտնւում է Ադրբեջանի հետ շփման գծին մօտ, եւ պատերազմի ժամանակ եղել է ադրբեջանական զինուժի կողմից ամենադաժան թիրախում գտնուող քաղաքացիական բնակավայրերից մէկը։ Ռմբակոծութեան հետեւանքով վնասուել է աւելի քան 1000 շէնք, այդ թւում՝ դպրոցներ, տներ եւ բժշկական հաստատութիւններ, ինչը ողբերգականօրէն յանգեցրել է երեխաների եւ տարեց քաղաքացիների մահուան պատերազմի առաջին օրը: Պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանում քաղաքից տեղահանուել է աւելի քան 8000 խաղաղ բնակիչներ:

«Այս բանաձեւը կարեւոր քայլ է Արցախի անվտանգութեան ամրապնդման ուղղութեամբ», - ասաց Գլենդելի Հայ Դատի Յանձնախմբի նախագահ Լիւսի Պետրոսեանը։ «Այս քոյր քաղաքի պայմանագրով մենք ցոյց ենք տալիս Մարտունու եւ ողջ Արցախի ժողովրդին, որ նրանք ունեն միջազգային աջակցութիւն. նրանց խաղաղ բնակիչների դէմ իրականացուած յանցագործութիւնները չէն անտեսուի, եւ որ մենք կը շարունակէն ձգտել պատասխանատուութեան ենթարկել Թուրքիային եւ Ադրբեջանին ագրեսիայ համար»։

«Գլենդելի Հայ Դատի Յանձնախումբը ակնկալում է աշխատել Գլենդելի քաղաքային խորհրդի հետ՝ խթանելու մշակութային փոխանակման հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ մարդասիրական նախաձեռնութիւնները՝ աջակցելու մարտունեցիներին», - եզրափակեց Պետրոսեանը:

«Այս բանաձեւով Գլենդելի քաղաքապետարանը վերահաստատում է իր աջակցութիւնը Արցախի հայերի ինքնորոշման հիմնարար իրաւունքին», - նշել է ԱՄՆ Հայ Դատի Յանձնախմբի անդամ Զանգու Արմենեանը: «Վտանգուած լինելով մեր ազգի գոյութեանը, մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարութեանը հետեւել Ադրբեջանին եւ Թուրքիային պատասխանատուութեան ենթարկելու իրենց շարունակուող ագրեսիայի համար՝ կոչ անելով անյապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ովքեր շարունակում են բռնութեան ենթարկուել ադրբեջանական կալանքի տակ եւ կիրառել 907-րդ յօդուածի սահմանափակումները՝ դադարեցնելով ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնութիւնը Ադրբեջանին»,- եզրափակել է Արմենեանը։

«Այս քոյր քաղաքային պայմանագիրը արցախահայութեանը փոխանցում է, որ Գլենդել քաղաքը հովանաւորում է նրանց պայքարը եւ դատապարտում է մարդկութեան դէմ յանցագործութիւնները, որով նրանք շարունակում են բախուել», - յայտարարեց Փրենի Ալաւերդեանը՝ ելոյթ ունենալով Գլենդելի Հայ Դատի Յանձնախումբը անունից: «Այս որոշմամբ Գլենդել քաղաքը յոյսի փարոս է դառնում նրանց համար, ում գոյութիւնը շարունակում է վտանգուած լինել»:

Բացի Գլենդելից եւ Մարտունուց, Հարաւային Քալիֆորնիայի մի քանի այլ տեղական ինքնակառավարման մարմիններ քոյր քաղաքների համաձայնագրեր են կնքել Արցախի այլ քաղաքների հետ՝ ներառեալ Շուշին եւ Լոս Անջելեսը, Հադրութը եւ Բրբենքը, Քարվաճարը և Փիքո Ռիվերան, Ստեփանակերտ եւ Մոնթեբելլոյղ, իսկ Բերձորը՝ Հայլանդ քաղաքի հետ։

Օրակարգ-Գլենդել
24 Օգոստոսի, 2022