|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ մի քանի կոնգրեսականներ ելույթ են ունեցել Կոնգրեսում՝ կապված հոկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից Սիրիայում սկսված ռազմական գործողության հետ: ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառելու թուրքական մի շարք պաշտոնյաների նկատմամբ: Կոնգրեսականներ՝ հանրապետական Թեդ Լյուն և դեմոկրատ Բրեդ Շերմանը հայտարարել են, որ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Ժամանակն է վերանայել Թուրքիայի հետ մեր քաղաքականությունը: 1940-ականներից ի վեր մենք պաշտպանել ենք Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությամբ: Մենք պաշտպանել ենք Թուրքիային դիվերսիայից՝ 1940-ականներին, և պաշտպանել նրան տասնամյակներ շարունակ ԽՍՀՄ-ից: Վերջին 20 տարիներին Թուրքիայի մոտեցման հարցում վարել ենք ստորացուցիչ, ստրկամիտ քաղաքականություն: Մենք գլուխ ենք խոնարհել Անկարայի առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման ձախողման հարցում: Ժամանակն է պալատում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը ձայների ճնշող մեծամասնությամբ: Ժամանակն է, որ մենք դադարեցնենք այս անպատվաբեր հարաբերությունները Թուրքիայի հետ»,-Կոնգրեսում ունեցած ելույթում հայտարարել է Բրեդ Շերմանը:
Իսկ Թեդ Լյուն նշել է. «Մենք ոչ միայն պետք է պատժամիջոցներ կիրառենք Թուրքիայի նկատմամբ, այլև կարծում եմ, որ նաև ժամանակն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ «Խաղաղության ակունք» գործողությունից հետո ԱՄՆ-ն հայտարարել էր Թուրքիայի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների մասին: