|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայ մամուլի համահայկակական համագումարը մեկնարկել է Բեյրութում` Անթիլիասի Մայրավանքում:
Հուլիսի 2-ին համագումարին բացման խոսք ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Նա նշեց, որ հայ մամուլի ծառայությանը նվիրված մշակների ներկայությունը վկայում է հայ ժողովրդի կյանքում մամուլի կարևորության և դրան վիճակված ճշտորոշիչ դերի մասին: Վեհափառը հիշեցրեց, որ 2019-ը հռչակել են Հայ մամուլի տարի և այդ առիթով ներկայացրեց հայ մամուլի անցյալի, ներկայի հետ աղերս ունեցող հատկանշական երևույթներ, լուրջ մտահոգություններ:
«Գլոբալ մշակույթի ազդեցությունը հատկապես համացանցային մամուլի վրա տիրապետող է: Լուրերին հետևողների նախասիրությունը հստակորեն դեպի համացանցն է, դեպի կարճ ու գրավիչ լուրերը: Համացանցային լրատվության լեզուն, ոճը, որակը էական չեն, կարևորն ընթերցողին կամ ունկնդրին արագ հասցնելն է, գրավելն է, մեծաթիվ ընթերցող ունենալն է։ Էլեկտրոնային լրատվությունը և հատկապես անհատական ցանցերը լեցուն են բռնություն հրահրող, թշնամություն սերմանող և անորակ լուրերով ու մեկնաբանություններով»,- ասաց Արամ Ա-ն:
Նա հավելեց նաև, որ աննախընթաց արագությունից մինչև բացարձակ ազատությունը լայնորեն բացել են անպատասխանատու և անմակարդակ լրագրության դռները՝ հետզհետե մեկուսացնելով տպագիր մամուլը: