Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 15:46
Հասարակություն

Երևանն այս պահին քոսոտ վիճակում է, մարդիկ տխուր են, քաղաքն`անխնամ. ավագանու անդամ

Երևանն այս պահին քոսոտ վիճակում է, մարդիկ տխուր են, քաղաքն`անխնամ. ավագանու անդամ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը չի հասկանում, թե քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն ինչպես են աշխատում, ինչպես են վճարվում վարորդները, բանվորները, եթե հաստիքացուցակ չի բերվել և չի հաստատվել: Լրագրողների հետ զրույցում նաա մանրամասնեց, որ համայնքը դարձել է երկրորդ օպերատոր, բայց աշխատողների թիվ ու հաստիքացուցակ չկա։

«Ես մինչ օրս չեմ հասկանում՝ ինչպես են այդ մեքենաներն աշխատում, ինչպես են վճարվում վարորդները, որովհետև հաստիքացուցակը չընդունվեց ավագանու կողմից, իսկ նոր հաստիքացուցակում չկա այդ աշխատողների ցուցակը։ Ի՞նչ աշխատավարձ է տրվում վարորդներին, աշխատակիցներին։ Ոչ մի տեղեկություն չունենք, թե այդ մեքենաներն աշխատո՞ւմ են, թե՞ ոչ»,- նշեց Անի Խաչատրյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ հունիսի 26-ին տեղի է ունենալու ավագանու հերթական նիստը, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կանդրադառնան հարցին:

«Նախորդ նիստում ավագանու օրակարգից հանվեց հաստիքացուցակների հարցը, այս անգամ նույն հաստիքացուցակի նախագիծն են մեզ ուղարկել` ուղղակի առանց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման։ Որպես այդպիսին` հաստիքացուցակը 40 տոկոսով չի ավելանում, ինչպես որ հայտարարվում էր։ Այստեղ հիմնադրամների և մնացածի հաշվին է ավելանում, տարբեր հիմնադրամների վրա գրանցված աշխատակիցներ էին։ Այսինքն`  այդ աշխատողները, միևնույն է, քաղաքապետարանի ենթակայության տակ են, ուղղակի ցրված են, և հիմա բոլորը դառնում են քաղաքապետարանի աշխատակիցներ»,- պարզաբանեց ավագանու անդամը:

Խոսելով ավագանու վերջին նիստերի ժամանակ կայացված որոշման մասին, համաձայն որի` աղբահանության գումարները կհավաքագրեն ոչ թե համատիրությունները, այլ վարչական շրջանները, Խաչատրյանը շեշտեց, որ նոր նախագծով նախատեսվում է հաստիքացուցակը 50-ով ավելացնել՝ վարչական շրջանների կողմից աղբահանության գումարների հավաքագրման նպատակով:

«Եթե 50 աշխատատեղ ավելացնում ենք, թող համատիրությունները հավաքեին։ Այս պահին վարչական շրջաններում կան գույքահարկ հավաքագրող աշխատակիցներ և ևս 50 հաստիք ավելանում է։ Այսինքն` երկու մարդ է գնալու մարդկանց բնակարաններ։ Մեկ աշխատողը լրիվ բավարար էր, մենք այդպես էինք պատկերացնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 5 աղբատար մեքենաներին, ապա, ըստ Անի Խաչատրյանի, այն հարցի լուծում չի կարող լինել: «Հիմա կրիտիկական շրջանն է սկսում, ամռանը տեսնենք՝ ինչ կլինի աղբի վիճակը։ Ինչ-որ չափով այս մեքենաները կթեթևացնեն, բայց 5 «ԿամԱԶ»–ով ոչ մի խնդիր չի լուծվի։ Երևանի համար 22-23 աղբատար մեքենա է հարկավոր, նույնիսկ` մինչև 27 մեքենա։ Վերջին շրջանում «Սանիթեք»-ը 11-12 մեքենա ուներ, և դրան ավելացել են քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 5 մեքենաները։ Հինգ մեքենան այս պահի դրությամբ հարցի լուծում չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով մայրաքաղաքում փողոցային առևտրի հիմնախնդրին` ավագանու անդամը կարծիք հայտնեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի միակ ձեռքբերումը եղել է փողոցային առևտրի` գրեթե իսպառ վերացումը:  «Հեղափոխությունից հետո այս ամենը կրկին սկսվեց: Փողոցային առևտրի, այսպես ասած, դեմն առնելը, շատ բարդ պրոցես է, նույնիսկ մարդկանց հետ հոգեբանորեն շփումն է դժվար, բայց բավականին քչացել է»,- նշեց նա:

Որպես այլընտրանք` Անի Խաչատրյանը կարծում է, որ լավ գաղափար էր, երբ որոշ շուկաներ փողոցային առևտրով զբաղվողներին մի քանի ամիս անվճար տարածքներ էին տրամադրում:

Դիտարկմանը, թե արդյո՞ք տրամադրված տարածքը բավարար է, նա պատասխանեց` այո, քանի որ շուկա այցելողների թիվը նվազել է: «Ոչ ոք շուկա չի գնում, որովհետև բակային խանութներն են շատացել: Ինքս շուկա չեմ հաճախում`առևտուր անելու: Գնում եմ բակի խանութից, սուպերմարկետներից: Մենք արդեն սովորել ենք այդ բակային ու փողոցային առևտրին»,- պնդեց նա:

Անդրադառնալով շրջիկ առևտրով զբաղվող մեքենաներին` ավագանու անդամը նշեց, որ այս պահին օրենքը մշակման փուլում է: «Շրջիկ մեքենաների տերերի պահանջներն էլ շատ են: Այս մեքենաների համար էլ գոյություն ունեն հստակ չափանիշներ, նորմեր: Երևանում միայն 2-3 մեքենա կա, որ համապաստասխանում է բոլոր նորմերին, որոնց կարելի է թույլ տալ աշխատել»,- պարզաբանեց նա`ավելացնելով, որ, ամենայն հավանականությամբ, մրցույթ կհայտարարվի, որի միջոցով էլ կորոշվի`ում կտրվի թույլտվություն:

Խաչատրյանը շրջիկ մեքենաների խնդրի լուծման ճանապարհ է համարում վարչական շրջանի ղեկավարի և ճարտարապետի որոշումը: «Նրանք պետք է որոշեն, թե վարչական շրջանի ճարտարապետական տեսքի ու դիզայնի համար որտեղ պետք է կանգնեցվեն մեքենաները, որ հատուկ տարածքներ հատկացվեն` այնտեղ մի մեքենա, այստեղ 2 մեքենա, ու մրցույթ հայտարարվի»,- նշեց նա:

Ավագանու անդամը խոսեց նաև թափառող շների հիմնախնդրի մասին: «Մենք վերջերս նման օրենքի նախագիծ  ընդունեցինք: Վերջերս տեսնում եմ արդեն ստերջացված` վզկապով շներ, բայց նրանք գնալով շատանում են: Ստերջացումն էլ փաստացի լուծում չէ: Կենդանիների պաշտպանների հետ խնդիրներ են լինում, քանի որ, մասնագետների բացատրությամբ, ստերջացումը նաև կարճացնում է կենդանիների կյանքը: Այլ խնդիր էլ կա: Երբ մի հատվածից շանը տանում են ստերջացման, այդ նույն շանը նորից նույն տեղն են վերադարձնում: Այդ շները չեն կծում, բայց աղմկում են, հաչում, վախեցնում երեխաներին, ամբողջ գիշեր չեն թողնում մարդիկ քնեն»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցի լուծմանն ուղղված` ապաստարանների ստեղծման առաջարկին`Խաչատրյանը նշեց,  որ դա լավ լուծում է, բայց տարածքային առումով չի պատկերացնում`որտեղ դրանք կառուցել: «Տեսեք` Աջափնյակ վարչական շրջանի շենքն անմխիթար վիճակում է, նույնիսկ տարածք չեն գտնում թաղապետարանի համար: Այսինքն` մենք տարածք չունենք Երևանում, որ սեփականաշնորհված կամ վաճառված չէ: Բայց կարծում եմ, որ ապաստարանի կառուցումը պարտադիր է, որովհետև շները գնալով շատանում են, ու բողոքները սարսափելի շատ են»,- ասաց նա:

Օպերային թատրոնի տարածքում գործող` վերջերս կանաչապատման նպատակով ապամոնտաժված սրճարանների մասին խոսելիս Խաչատրյանն ասաց, որ այդ երկու սրճարանների ապամոնտաժումը քաղաքին ոչինչ չտվեց: «Չգիտեմ այդ երկու սրճարանների ապամոնտաժումն ի՞նչ տվեց քաղաքին: Կանաչ գոտի տվե՞ց, թե՞ չտվեց: Իհարկե, չտվեց: Եթե գնաք, կանաչ չեք տեսնի: Ես ասում էի` այո’, օպերայի տարածքը թող դառնա պուրակ, բայց ապամոնտաժելուց ապամոնտաժում են բոլորը: Այս պահին երկու սրճարանները դատական պրոցեսի մեջ են: Թե ինչքան կտևի,չգիտենք: Կարելի էր այդ երկու սրճարանն էլ թողնել, որ այս տարի աշխատեին, հետո միանգամից մեծ մրցույթ հայտարարել, որևէ կազմակերպությունն ամբողջ աշխատանքներն աներ»,- կարծիք հայտնեց նա:

Եզրափակելով խոսքը`Անի Խաչատրյանը վստահեցրեց. «Երևանն այս պահին քոսոտ վիճակում է: Մարդիկ տխուր են, քաղաքն անխնամ է: Ծաղիկները, կանաչապատումը ամեն ինչ շատ ուշացվեց, որովհետև, չգիտես`ինչու, ներկայիս իշխանությունը չի կարողանում աշխատել տենդերների հետ: Երևանում այս պահին ասֆալտապատման հետ կապված խնդիր կա, դա էլ ուշացրին: Գիտե՞ք` ինչքան նամակներ ենք ստացել քաղաքացիներից` իրենց մեքենաների հետ կապված: Մի ժամանակ ամբողջ ֆեյսբուքյան պատս աղբ էր, իսկ հիմա դարձել է մեքենաների բանդաժներ, թե Երևանի անմխիթար փողոցների վիճակներից մեքենաներն ինչ են լինում»: