|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները: Քննարկման արդյունքում համայնքի ղեկավարը որոշում է կայացրել իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել մարզպետարան և այդ մասին հայտնել համայնքի բնակչությանը` հետագա բախումներից խուսափելու համար:
Ավելի ուշ Զարթոնքի համայնքապետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հանդիպում են ունեցել համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում համայնքի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` վստահեցնելով, որ իր որոշումը կայացրել է առանց ճնշումների գործադրման և այդ որոշմանը հանգել է հանուն համայնքի բնակչության համերաշխության:
Ողջունելով Պարույր Սարգսյանի` համայնքում խաղաղության հաստատմանն ուղղված քայլը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է մինչ այս խնդրի լուծման ուղղությամբ իր նախաձեռնությունները և համայնքում չլինելու պատճառները` անընդունելի համարելով հակաօրինական ցանկացած արարք` անկախ դրդապատճառներից: Նա վստահություն է հայտնել, որ իրավապահ մարմինները կարճ ժամանակահատվածում համարժեք իրավական գնահատական կտան ստեղծված իրավիճակին: Ամփոփելով հանդիպումը` մարզպետը շուտափույթ ապաքինում է մաղթել կողմերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորված անձանց` հույս հայտնելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի: