|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ամփոփիչ զեկույցը։
Հանձնակատար Միյատովիչը ողջունել է այն քայլերը, որոնք իրականացվել են ճշմարտության հաստատման և 2008 թվականի մարտ ամսին տեղի ունեցած «բռնի գործողությունների ժամանակ զոհերի համար պատասխանատուներին դատական կարգով հետապնդելու ուղղությամբ»։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ կարևոր է այս գործընթացն իրականացնել զգուշորեն՝ խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատաքննության երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:
Նա նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել քրեական հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և հասարակական դիսկուրսում խուսափել բևեռացնող, հրահրող ձևակերպումներից, ինչը, ըստ Հանձնակատարի, խոչընդոտ է համախմբված հասարակություն ձևավորելու և անցյալի պառակտումները հաղթահարելու համար:
ԵԽ հանձնակատարը անդրադարձել է նաև Հայաստանում կանանց իրավունքներին՝ ընդգծելով, որ կանայք բավարար չափով ներգրավված են որոշումների ընդունման գործընթացում:
Միյատովիչը նաև առաջարկել է Հայաստանի իշխանություններին ընդունել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խտրականության դեմ համակողմանի օրենք, ինչպես նաև կոչ է արել քայլեր ձեռնարկել Հայաստանում ԼԳԲՏ անձանց դեմ բռնության, ատելության խոսքի բացառման ուղղությամբ: