|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տարիներ շարունակ Հայաստանում կար նախևառաջ արդարության, իրավունքների և ազատության խնդիր, իհարկե` նաև սոցիալական և տնտեսական: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ ժողովրդի պահանջը լավ ապրելն է, և եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության` լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն:
«Նույնիսկ եթե սոցիալականի և տնտեսականի պրիզմայով նայենք և խորամուխ լինենք, նորից հանգելու ենք իրավունքներին, այս անգամ, օրինակ, ձեռնարկատիրական և այլ իրավունքների: Այս խնդիրն էր, որ հասունացրեց և իրականություն դարձրեց հեղափոխությունը: Իշխանությունն արդեն իսկ լուծել է իր առջև դրված թիվ մեկ մարտահրավերը` ազատ, արդար, արժանապատիվ Հայաստանն այլևս իրականություն է»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա շեշտեց, որ կա բարեփոխումների և անելիքների երկրորդ փուլը, որ պետք է վերաբերի տնտեսությանը, սոցիալական ոլորտին: «Այստեղ նոր-նոր մեր իշխանությունը պետք է սկսի ռեֆորմներ իրականացնել, և եկեք չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս է, ինչ ամբողջությամբ ենք ստանձնել իշխանությունը, ունենք մեծամասնություն օրենսդիրում, և հիմա կձևավորվի նաև կառավարություն: Այնպես որ` բոլոր հոռետեսական գնահատականներն իշխանության արդեն իսկ անցած ճանապարհի և նոր սկսվող փուլի վերաբերյալ ամենևին չեմ կիսում»,- եզրափակեց Միրզոյանը: