|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի ծառայությունից:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի ջերմ վերաբերմունքն ու ընդգծված ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի վառ արտահայտությունն են նրա անմիջական աջակցությամբ ու նվիրատվությամբ իրականացված ծրագրերը։
Հանրապետության նախագահը և Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես կարևորել համագործակցությունը գիտահետազոտական և գիտակրթական բնագավառներում։
«Պատրաստ ենք առավել զարգացնել ու խորացնել մեր բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները»,-շեշտել է Հայաստանի նախագահը:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հատուկ ընտրված գործարարների խումբ կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր քննարկելու նպատակով։
Խոսվել է նաև Շարժայի և Հայաստանի քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին։
Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։