|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) ողջունել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած Էրլ Լիցենբերգերի թեկնածության հաստատման հարցով քվեարկությունը հետաձգելու որոշումը:
Կազմակերպության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քվեարկության հետաձգման պատճառ են հանդիսացել մտահոգությունները, որոնք առաջացել են նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Ադրբեջանին զենք վաճառելու կոչից հետո:
Հայտնի է, որ Լիցենբերգերի հարցով քվեարկությունը հետաձգվել է, ամենայն հավանականությամբ, մինչև հաջորդ տարի:
ANCA-ն նշում է, որ քվեարկության հետաձգումը հնարավորություն կտա Կոնգրեսին ավելի ուշադիր ուսումնասիրելու Իլհամ Ալիևի ղեկավարած ագրեսիվ ու բռնակալ ռեժիմի հետ երկկողմ հարաբերությունների հարցը: «Այս ամենը կարևոր է հատկապես Բոլթոնի՝ վերջերս արած վիճահարույց ենթադրության ֆոնին, համաձայն որի` ԱՄՆ-ը պետք է սկսի զենք վաճառել Բաքվին»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: