|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի շուրջ Ադրբեջանում բարձրացած աղմուկին:
Նշենք, որ նախօրեին Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ, ելույթներ ունեցել Կոնգրեսում: Այդ փաստի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին:
«Դե բնական է, որ Ադրբեջանը պետք է բողոքեր, բա ի՞նչ պետք է աներ: Արցախն ունի իր արտաքին քաղաքականությունը, եղել են տարբեր այցեր` տարբեր ուղղություններով, և դա միայն ողջունելի է: Արցախը դե ֆակտո անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, բնական է, սահմանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում: Բայց ամեն դեպքում այցը չափազանց կարեւոր է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանում նույն կերպ չեն հյուրընկալում Արցախի նախագահին, ինչպես ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ամերիկան իր ուրույն մոտեցումն ունի: Դա արտահայտվում է այն հանգամանքով, որ Արցախին նրանց բյուջեով համապատասխան օգնություն է հատկացվում: Դա նշանակում է, որ Ամերիկան, ընդհանուր առմամբ, շատ ավելի բազմաշերտ մոտեցում ունի արտաքին հարաբերություններին, ինչը պայմանավորված է նաեւ Կոնգրեսի ինքնուրույնությամբ: Կոնգրեսում կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք հաճախ չեն համընկնում Սպիտակ տան կարծիքի հետ: Այդ առումով ԱՄՆ-ն ավելի ճկուն է»: