|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մսի թանկացման շուրջ պետք չէ խուճապ ստեղծել, թե` վայ, միսը թանկացավ, ի՞նչ ենք անելու, ոչ մի բան էլ չենք անելու այսօր լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նա նշեց, որ իրականում թանկացումը կհանգեցնի ներդրումների ավելացման: Նախարարի հավաստմամբ` շուկայում ոչխարի միսը թանկացել է արտահանման պատճառով, բացի այդ` ոչխարի մսի սպառումն է ավելացել, իսկ խոզի միսը թանկացել է, քանի որ դրա գինը բարձրացել է աշխարհում: Ինչ վերաբերում է տավարի մսի թանկացմանը, ապա, ըստ Առաքելյանի, այն թանկացել է միայն 100-150 դրամով:
«Շուկա է` կթանկանա էլ, կէժանանա էլ: Ես չեմ ասում` թանկացում չկա, բայց արտառոց իրավիճակ չկա, շուտով շուկան կկարգավորվի: Թեև կա նաև անասնակերի թանկացում, գյուղացին ինքը կովի ու խոզի մսի գինը չի թանկացրել, քանի որ նրանք իրացման ու ֆինանսական խնդիրներ ունեն: Այսինքն` սա թանկացում չէ, այլ շուկայի խնդիր` արժույթ է փոխվել, վառելիքն է թանկացել, ինչը կարող է բերել նրան, որ որոշ գներ կարգավորվեն»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է հարցին, թե թանկացումների ֆոնին հնարավո՞ր է` մասսայական մորթ լինի, Առաքելյանը պատասխանեց` ոչ, քանի որ գյուղացին գիտի` ինչ մորթի և երբ մորթի: «Եթե խնդիրը հասնի նրան, որ անասնակերի պակասություն լինի, մենք կներմուծենք այն: Սակայն պետք է ասեմ, որ անասնակերով բավարարված են տնտեսությունները»,- ասաց նա:
Ըստ նախարարի` շուտով տուրիստական հոսքը կպակասի և, դրան զուգահեռ, կքչանա նաև մսի սպառումը, ու շուկան կամաց-կամաց կկարգավորվի: