|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել:
Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Սթեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մարտի 11-ին եղել են Բաքվում, իսկ մարտի 27-ին՝ Երևանում, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղում:
Ըստ հայտարարության, համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի նպատակն է ընդհանուր պատկերացում ունենալ շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող քաղաքական, ռազմական իրավիճակի վերաբերյալ, քննարկել 2016-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ կողմերի միջև ունեցած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ նրանք հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների, ինչպես նաև Արցախի իշխանությունների հետ: Նաև այցելել են Լեռնային Ղարաբաղ:
Իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ համանախագահները արտահայտել են իրենց խորին մտահոգությունները շփման գծում վերջին իրադարձությունների կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով իրենց ելույթներում և գործողություններում զսպվածություն ցուցաբերել:
Համանախագահներն առաջարկել են, որ հատկապես Նովրուզի ու Զատիկի տոներին կողմերը խուսափեն էսկալացաիայից:
Նրանք հայտնել են նաև, որ պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը՝ մինչև հիմնախնդրին խաղաղ ու քաղաքական լուծում կգտնվի:
Երկու երկրների իշխանությունների հետ հանդիպումներում, ըստ հայտարարության, համանախագահները ընդգծել են դեսպան Կասպշիկի առաքելությանն աջակցությունն ու դրա սկզբունքային նշանակությունը: Համանախագահները նաև պնդել են, որ զինադադարի նկատմամբ հարգանքը կարևոր է հետագա բանակցություններում կառուցողական ու փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար: