|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն անդրադարձավ կառավարության երեկվա որոշմանը, որով առաջարկվում է յուրաքանչյուր աշխատողից գանձել 1000 դրամ հօգուտ զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական ու առողջական խնդիրները լուծելու համար բացված ֆոնդի:
Հովհաննես Սահակյանը պաշտպանում է այդ գաղափարը, պարզապես ունի մեկ առաջարկ: «Կարծում եմ` բարձրագույն դասի պաշտոններ զբաղեցնող անձանցից պետք է գանձել ավելի շատ, իսկ միջին և ցածր աշխատավարձ ունեցողներին չանդրադառնալ, այդ բացը լրացնել պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարների աշխատավարձերից: Ես պատրաստ եմ հանդես գալ այդ առաջարկությամբ»,- ասաց նա:
Իսկ, ընդհանուր առմամբ, պատգամավորը դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը, քանի որ կարծում է, որ բոլորը պետք է մասնակցեն բանակի խնդիրների լուծմանը: Ըստ նրա` դրանք այն միջոցներն են, որոնք միայն պետության վրա թողնելը իրատեսական ու ճիշտ չէ, որովհետև խոսքը միանվագ վճարների մասին է:
Հովհաննես Սահակյանի խոսքով` դա նոր ապահովագրության ինչ-որ մոդել է, որին բոլորը մասնակցություն կունենան: «Այս դեպքում ապահովագրելու ենք թե' զինվորին, թե' ինքներս մեզ, որովհետև եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, բոլորը կգնան, կմասնակցեն` չիմանալով ինչպիսին կլինի այդ մասնակցության ելքը: Մահվան աչքերին ամեն օր նայող զինվորը պետք է հանգիստ խղճով մեկնի դիրքեր` վստահ լինելով, որ իր ընտանիքը անտեսված չի լինի: Այս նախաձեռնությունը լիովին տեղավորվում է ազգ-բանակ գաղափարի մեջ, դա ճիշտ նախաձեռնություն է: Ինչ վերաբերում է ֆոնդի նկատմամբ վստահությանը, կա տեղեկություն, որ դրամի շարժը լինելու է թափանցիկ»,- ասաց պատգամավորը:
Լրագրողների դիտարկմանը, որ հասարակությունն ըմբոստանում է ու չի ընդունում այդ գաղափարը, պատգամավորը նշեց, որ չի հանդիպել ըմբոստության, իսկ ռեալ իրականությունը տարբերվում է սոցիալական ցանցերից, եթե այնտեղ է ըմբոստությունը:
Հարցին, թե արդյո՞ք այս նախաձեռնությամբ կառավարությունը անուղղակի ազդակներ չի հղում, որ սպասվում են լայնածավալ գործողություններ, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ ինքն ամեն օր է սպասում լայնածավալ գործողություններ, և ապրիլին պարզ իրողություն էր, որ հասարակությունը մի օր արթնացավ պատերազմական իրավիճակում: