|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բանաստեղծների և արձակագիրների միջազգային PEN ակումբի թուրքական ներկայացուցչությունը ընդվզել է Թուրքիայում տեղի ունեցող օրինախախտումների դեմ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Diken լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած անհաջող հեղաշրջման փորձից հետո ծայր առած` լրագրողների ու մտավորականների մասսայական ձերբակալությունները PEN-ը որակել է որպես «սխալմունք» և «անարդարություն»:
«Այս պահին մեր երկրի համար մեծագույն անհրաժեշտությունը ոչ թե քենի ու վրեժի ետևից գնալն է, այլ արդարության, արդարադատության, խաղաղության զգուցումն ու դրանց կիրառումը»,- հայտարարել է կազմակերպությունը:
Թուրքական PEN-ը հայտարարել է, որ իրենք կանգնած են ձերբակալված գրողների, լրագրողների և ակադեմիկոսների կողքին և կոչ է արել հետ կանգնել սխալ քայլերից ու անարդարություններից, չնպաստել ավելի վատ հետևանքների առաջացմանը:
«Համոզված ենք, որ դա կարևոր է նաև ժողովրդավարությանն ավելի մեծ հարված չհասցնելու տեսակետից»,- ասված է հայտարարությունում:
Կազմակերպությունը քննադատել է նաև ուսուցիչների և ակադեմիկոսների՝ աշխատանքից հեռացվելու հանգամանքը՝ բնութագրելով դա որպես «օրենքների, իրավունքի, արդարության և խղճի» ոտնահարում: