|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը այսօր Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն-կոչ է հրապարակել` ուղղված աշխարհի բոլոր հայազգի գեներալներին ու ռազմական փորձագետներին
«Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ եւ ռազմական փորձագետներ,
Այսօր հայության առջեւ ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց եւ շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետեւ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ եւ նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին եւ զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչեւ սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց եւ հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին:
Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգեւորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլեւս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել եւս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:
Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալների եւ ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երեւանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները եւ համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:
Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»: