Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-02-02 14:00
Իրավական

Թևոսիկի եղբոր սպանության գործով նախկին մեղադրյալը դատապարտվեց ապօրինի զենք պահելու համար

Թևոսիկի եղբոր սպանության գործով նախկին մեղադրյալը դատապարտվեց ապօրինի զենք պահելու համար

Արդեն հայտնել ենք, որ երեկ Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հերթական դատական նիստում ցուցմունք տվեց վկա Աշոտ Բոլյանը, որի հայտնած տվյալները կարող են շրջադարձային լինել գործի ելքի համար: Վկան, ով ՌԴ-ում ուժային կառույցներում է աշխատում և պաշտոնի բերումով գործի նախաքննության ընթացքում տիրապետել է գործի շատ փաստական տվյալների, հայտարարեց, որ կասկածներ է ունեցել, որ սպանությունը կարող էր պատվիրած լինել Տիգրան Ասատրյանը, քանի որ նա դրա համար շարժառիթներ է ունեցել: Մասնավորապես, ըստ նրա, Տիգրանն ասել է, որ Թևոս Սաֆարյանն իրեն ֆինանսապես «քցել է», և նրանից վտանգ է զգացել: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Ըստ վկայի՝ Թևոս Սաֆարյանն ու Տիգրան Ասատրյանը մինչ օրս թշնամական հարաբերություններ ունեն:

Նշենք, որ Տիգրան Ասատրյանը նախկին ոստիկան է և Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի դստեր կնքահայրը: Նրան նախկինում մեղադրանք էր առաջադրվել բուն՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ՝ ՀՀ ՔՕ 38-104 հոդվածով (սպանության կազմակերպումը կամ դրան օժանդակելը՝ շահադիտական նպատակներով), բացի այդ՝ նա մեղադրվում էր նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու մեջ: Սակայն հետագայում Ասատրյանին մեղադրանք առաջադրվեց միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատական տեղեկատվական համակարգից  yerkir.am-ը տեղեկացավ, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանի վճռով` Տիգրան Ասատրյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտել 8 ամիս ժամկետով ազատազրկման: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա 8 ամիս անազատության մեջ է գտնվել, դատարանը Տիգրան Ասատրյանի պատիժը համարել էր կրած:

Հիշեցնենք, որ, մեղադրական եզրակացության համաձայն, Տիգրան Ասատրյանը քննությամբ չպարզված անձից և չպարզված ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել հրազեն հանդիսացող` «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող՝ «Նագան» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակների համար նախատեսված 50 հատ մարտական փամփուշտներ, 5 հատ ատրճանակային փամփուշտներ, 3 հատ «Ֆ-1» տեսակի նռնակներ, 2 հատ «ՈւԶԳՌՄ» տեսակի և 1 հատ «Ջ-1» տեսակի նռնակների պայթուցիչներ, որոնք հայտնաբերվել են նրա տան խուզարկության ժամանակ: