|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով նախաքննություն իրականացնող մարմինը ապրիլի 2-ին միջնորդություն կներկայացնի դատարան` գործով մեղադրյալներից Տիգրան Ասատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու պահանջով: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել) և 335 հոդվածի 1-ին մասով (հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը):
«Տեսնենք` այս անգամ ինչպես են փորձելու հիմնավորել կալանքը, ի՞նչ ապացույց են դնելու կալանքի հիմքում»,- մեզ հետ զրույցում ասաց Էլբակյանը և համոզմունք հայտնեց, որ որևէ հիմնավորում չկա, նույն` շաբլոն միջնորդությունն է լինելու, որից հետո իրենք սկսելու են ակտիվ պայքարի փուլը:
Փաստաբանը նշեց, որ մինչ օրս իր պաշտպանյալի նկատմամբ որևէ քննչական գործողություն, այդ թվում` նաև հարցաքննություն չի կատարվել: Այս գործով նախկինում արված փորձաքննություններն էլ, ըստ պաշտպանի, իրենց հետ ընդհանրապես առնչություն չունեն: Նա նշեց, որ ժամանակին փորձաքննության է ենթարկվել Գոռ Վարդանյանին պատկանող «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայից հայտնաբերված զինամթերքը, որը, սակայն, ըստ նրա, գործի հետ ընդհանրապես առնչություն չունի:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա, ով հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած: Սաֆարյանի սպանության գործով կալանավորվել են Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը, իսկ ըստ նախաքննության` Սաֆարյանի սպանությունը կատարած անձի` Մովսես Ներսիսյանի (Մոսո) դիակը մինչ օրս չի հայտնաբերվել: