|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ընտանիքին:
Ցավակցական հեռագրում ասված է.
«Արցախը եւ ողջ հայ ժողովուրդը խորը ցավ ապրեցին՝ լսելով Քըրք Քըրքորյանի մահվան բոթը:
Քըրք Քըրքորյանը բացառիկ անձնավորություն էր: Նրա կյանքը լի էր դժվարություններով ու բարդություններով, որոնք նա հաղթահարել է իր աշխատասիրության, անկոտրում կամքի, լավատեսության շնորհիվ, հասել համաշխարհային ճանաչման՝ հպարտություն ներշնչելով մեր ողջ ժողովրդին:
Մեծ է Քըրք Քըրքորյանի ավանդը հայոց անկախ պետականության զարգացման ու զորացման, համահայկական խնդիրների լուծման գործում: Նրա անմիջական օժանդակությամբ Հայաստանում եւ Արցախում իրականացվել են բազմաթիվ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր, որոնք շոշափելի ազդեցություն են ունեցել հայրենիքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վրա:
Քըրք Քըրքորյանի հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվել հայ ժողովրդի կողմից, եւ նա իր պատվավոր տեղն է զբաղեցրել ազգային բարերարների շարքում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Քըրք Քըրքորյանի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին: Հայ ժողովրդի արժանավոր զավակի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: