|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
Yerkir.am-ի հետ զրույցում այդ լուրը հաստատեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
«Այս առավոտյան ավստրիական խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական խմբակցությունները միացյալ հայտարարություն են ստորագրել, որում կոչ են անում երկրի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը: Այդ հայտարարության մեջ նշվել է նաև, որ Ավստրիան այդ հարցում պատասխանատվության իր մասն ունի, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրո-Հունգարիան եւ Գերմանիան Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին: Բանաձևում հիշատակվում է նաև Օսմանյան կայսրության քրիստոնյա ազգային փոքրամասնությունների մասին, որոնք զոհ են դարձել ջարդերին»,-Yerkir-ի հետ զրույցում նշեց Պետո Դեմիրճյանը:
Նա հավելեց նաև, որ բանաձևում Թուրքիային կոչ են անում առերեսվել իր անցյալի սև էջերի հետ:
Yerkir-ի հարցին, թե արդյո՞ք բանաձևում հողային փոխհատուցման վերաբերյալ կոչ եղել է Թուրքիային, Պետո Դեմիրճյանը պատասխանեց. «Ոչ, բանաձևը միայն ճանաչում է և աջակցում Ցեղասպանության ճանաչման կոչերին»: