|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այս օրերին Երևանում է բոլոր ժամանակների երևելի արվեստագետներից մեկի՝ մեծն Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ապրիլի 16-ին Կարեն Խաչատրյանն այցելեց Պանթեոն, ծաղիկներ խոնարհեց մեծ հայի և կոմպոզիտորի շիրիմին, ապա նրան հյուրընկալեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Այցի նպատակը բացառիկ էր, հուզիչ և, կարելի է ասել, պատմական. Կարեն Խաչատրյանը Հայաստանի ոստիկանությանը նվիրեց մեծ կոմպոզիտորի հեղինակած քայլերգը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երախտագիտություն հայտնելով թանկ պարգևի կապակցությամբ՝ կարևորեց քայլերգի նշանակությունը նորացող ոստիկանության համար:
Ջերմ ընդունելության և գնահատանքի համար շնորհակալական խոսքով հանդես եկավ Կարեն Խաչատրյանը և Վլադիմիր Գասպարյանին հանձնեց ոստիկանության քայլերգի նոտաները:
Հանդիպման ընթացքում ոստիկանության պետի հրամանով Կարեն Խաչատրյանը պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության զինանշանը կրող ժամացույցով պարգևատրվեց ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը:
Հյուրերին հանձնվեցին խորհրդանշական հուշանվերներ: Իսկ հանդիսության ավարտին առաջին անգամ հնչեց Արամ Խաչատրյանի «Ոստիկանության քայլերգը»: