|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
Հարց. պարոն Քոչարյան, թուրքական կողմը անընդունելի է որակել Հայաստանի արձագանքը՝ Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումներին ՀՀ Նախագահին ուղղված հրավերին։ Ինչպե՞ս եք դա գնահատում։
Շավարշ Քոչարյան. Պարզվում է, թուրքական դիվանագիտության համար ընդունելի է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու՝ Թուրքիայի Նախագահին ուղղված ՀՀ Նախագահի հրավերին չպատասխանելով՝ հենց այդ օրը տեղափոխել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումները և ավելին՝ հանդգնել դրանց ներկա գտնվելու՝ բոլոր բարոյական չափանիշներին հակասող հրավեր ուղարկել ՀՀ Նախագահին։
Նման պարզունակ խորամանկություններով Անկարան հերթական անհաջող փորձն է կատարում՝ քողարկելու իր անկարողությունը՝ անցյալի հետ առերեսվելու և ընդունելու պատմական ճշմարտությունը, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։ Թուրքիայի իշխանությունները նման անհեթեթ վիճակում հայտնվելուց խուսափելու համար պետք է փոխեին ոչ թե Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձի ավանդաբար նշվող օրը, այլ՝ փոխեին ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող իրենց ժխտողական մտածելակերպը։