|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված առաջարկին` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց:
Կառավարության նիստից հետո լրագրողներն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից փորձեցին ճշտել, թե ինչո՞ւ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց այդ նախաձեռնությանը, ի վերջո, հասարակության պահանջն էլ է` հանել պարտադիր բաղադրիչը, հնարավոր չէ՞ր պատգամավորների հետ միասին քննարկել այդ հարցը:
Նախարարը պատասխանեց, որ այդ նախագծով որեւէ կարգավորում չէր տրվում առկա իրավիճակին, հետեւաբար` ամբողջական կարգավորում տալու համար պետք է ամբողջական փաթեթ մշակվի, դա է կառավարության մոտեցումը, եւ այդ պատճառով օրինագծին բացասական եզրակացություն տրվեց:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե վերջին օրերին տեղեկատվություն տարածվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ, դասախոսներ ասել են, որ վախենում են հրաժարվել պարտադիր բաղադրիչից, քանի որ ով պարտադիր կուտակային բաղադրիչից հրաժարվելու դիմում է գրում, ասում են, որ աշխատանքից ազատվելու դիմում էլ գրի: Այս դիտարկմանն ի պատասխան, Արտեմ Ասատրյանը նշեց. «Ես կասեմ, որ այդպիսի վախ չպետք է լինի, քանի որ չկա այդպիսի խնդիր: Կկա օրենք` ընդունված, եւ յուրաքանչյուր մարդ պետք է, այդ օրենքին համապատասխան, իր իրավունքներն իրացնի: Եվ եթե մենք կոնկրետ տեղեկատվություն ունենանք, ապա մենք եւս կոնկրետ կզբաղվենք այդ հարցով»:
Իսկ կոնկրետ այդպիսի բողոքներ, ըստ նախարարի, իրենք չեն ստացել: