|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երբ «Կյանքի խոսք» աղանդի պարագլուխը հայտարարեց, որ ինքը դառնում է կաթոլիկ եկեղեցու անդամ`անորոշության մեջ թողնելով աղանդի հետևորդներին, միայն 5 օրվա ընթացքում 25 աղանդավոր է եկել Հայ Առաքելական եկեղեցի. լրագրողների հետ զրույցում հայտնեց տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նրա տեղեկացմամբ` ամեն օր «Կյանքի խոսքի» մի քանի հետևորդ է իրեն մոտենում և խնդրում Հայ Առաքելական եկեղեցու շարքերը ներգրավել:
«Նրանք անորոշության մեջ են, նրանց շանտաժի են ենթարկում, թե` եթե չշարունակեք գալ մեր հավաքներին և տասանորդը չվճարեք` ձեր ընտանիքի հետ, ձեր երեխաների հետ դժբախտություն կպատահի, կամ էլ` Հայ Առաքելական եկեղեցին, քահանաներն ատում են ձեզ և ձեզ չեն ընդունի: Չկա նման բան, երկուսն էլ սուտ է»,- ասաց տեր Եսային:
Նա նշեց նաև, որ աղանդի պարագլխի` իրենց եկեղեցուց հեռանալը միակ պատճառը չէր, որ աղանդի հետևորդները սկսել են դուրս գալ «Կյանքի խոսքից», դա ուղղակի առիթ էր: «Մինչ այդ բոլորի մոտ էլ կասկածներ կային, և ամենամեծ կասկածը ֆինանսական խնդրին էր վերաբերում: Մարդկանց խոստանում էին` եթե ընդգրկվեք «Կյանքի խոսքի» շարքերը, ձեր բիզնեսը կծաղկի, սակայն հակառակն էր լինում: Այսինքն` մարդկանց մեջ կուտակված բազում խնդիրներ կային»,- ասաց քահանան: