|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օրերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացել է 2012թ. վերջին բաց քննարկումը` նվիրված «Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմային, որի ընթացքում իր զեկույցմ է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իսկ կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ներառյալ Հայաստանի դեսպանը, հանդես են եկել տվյալ թեմային առնչվող ելույթներով:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ կարգավորման գործընթացների ձգձգումը ոչ միայն վնասում է տարածաշրջանային համագործակցությունը եւ մեծապես սահմանափակում խաղաղաշինությանը միտված ջանքները, այլ նաեւ պարունակում է հակամարտությունների վերսկսման լրջագույն սպառնալիքներ:
Նա հավելել է, որ հակամարտությունից հետո ընկած ժամանակաշրջանը հնարավորություն է ընձեռնում խաղաղարար գործընթացի միջոցով կայուն զարգացման հիմքեր ստեղծել մեր տարածաշրջանում, որի համար առաջին հերթին անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք ու վճռականություն:
Դեսպան Նազարյանը նշել է նաեւ, որ ԱԽ հաճախակի է անդրադառնում նշված թեմային՝ դրանով իսկ կարեւորելով խաղաղաշինության գործընթացների եւ մեխանիզմների իրականացումը, որոնք ուղղված են կանխարգելելու հակամարտությունների վերսկսումը, եւ որոնք հանդիսանում են հարատեւ անվտանգության եւ կայունության, խաղաղության ու զարգացման անհրաժեշտ նախադրյալներ:
Նիստի արդյունքում ընդունվել է նախագահական հայտարարություն: