|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ֆուտբոլային դիվանագիտությունը» չի կարող փոխարինվել «հումանիտար օգնության» դիվանագիտությամբ. ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է թուրքական խորհրդարանի պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Ռեշաթ Դողրուն:
«Օգնության ցուցաբերումը չի կարող ազդեցություն ունենալ հարաբերությունների նորմալացման համար: Եվ ո'չ Հայաստանը, ո'չ էլ որեւէ այլ երկիր չպետք է եւ չի կարող ակնկալել «հումանիտար դիվանագիտություն»,- անդրադառնալով Վանի երկրաշարժից հետո Հայաստանի կողմից հումանիտար օգնության ցուցաբերման փաստին` ասել է նա:
Պատգամավորը նշել է, որ այնպիսի աղետների դեպքում, ինչպիսին Վանի երկրաշարժն էր, ցանկացած երկրի կողմից նման օգնության ընդունումը պետք է դիտարկվի միայն այդ աղետի համատեքստում:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունները` Թուրքիայի Ազգային Մեծ ժողով վերադարձնելու հանգամանքին` Դողրուն նշել է, որ դա ոչինչ չի նշանակում: «Այդ արձանագրությունների քննարկումը Թուրքիայի խորհրդարանում բացառվում է, քանի որ թե' խորհրդարանականները, թե' ժողովուրդը դեմ է դրանց: Թուրքական հանրության մեջ տարածված է այն կարծիքը, որ դրանք պետք է հավանության արժանանան նախ` Ադրբեջանի կողմից, հետո միայն` նաեւ Թուրքիայի»,- ասել է նա: