|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության նախագահը նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և Հայաստանը շահագրգիռ է Հունգարիայի հետ զարգացնել հարաբերությունները: Նա կարևորել է երկու երկրների գործարարների միջև ակտիվ շփումներին օժանդակելը` տարբեր մակարդակի այցերի ժամանակ նրանց ևս ընդգրկելով պատվիրակությունների կազմում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և բարյացակամ վերաբերմունքի համար` ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքը կարող է զգալի դերակատարում ունենալ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵՄ-ն ներկայումս նախագահող Հունգարիայի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում ևս համագործակցության ընդլայնումը:
Հունգարիայի ԱԺ նախագահ Լասլո Կյովերն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին` փոխանցելով այդ ոլորտում Հունգարիայի շուրջ քսան տարվա փորձը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների` կարևորելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Լասլո Կյովերը նշել է, որ Հունգարիան կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքը: ԱԺ նախագահի կարծիքով` եթե այդ սկզբունքի նկատմամբ պատշաճ վերաբերմունք և բարի կամք դրսևորվի, հնարավոր կլինի շատ հակամարտություններ կարգավորել: