|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պաշտոնական Բաքուն իրավասու է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները. ըստ ԱՊԱ գործակալության` հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը:
Նա ասել է, որ իրենք քայլեր են ձեռնարկում Ստեփանակերտում օդանավակայանի շինարարությունը կասեցնելու ուղղությամբ, եւ անցյալ տարվա հոկտեմբերին այդ կապակցությամբ նախազգուշացում է ուղարկվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO):
«Մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղի մեր օդային տարածքը փակ է: «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն` նախատեսվում է այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացում»,- ընդգծել է Մամեդովը:
Նա նաեւ հավելել է, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը պատասխան նամակում կոչ է արել միանալ մի շարք կոնվենցիաների, ջանքեր գործադրել` տարածաշրջանում բացասական երեւույթներից խուսափելու համար:
«Համաձայնեցնելով պաշտպանության նախարարության հետ` մենք դարձյալ նամակ ուղարկեցինք` հայտարարելով, որ այդ օդային տարածքը փակ է եւ գտնվում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի վերահսկողության տակ»,- ասել է Մամեդովը` հավելելով, որ իրենք իրենց հերթին խորհուրդ են տվել ICAO-ին բացասական երեւույթներից խուսափելու համար այդ մասին տեղեկացնել հակառակորդ կողմին: ICAO-ն էլ Ադրբեջանի նամակը փոխանցել է Հայաստանին: