|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:
Քննարկվել են ոստիկանության հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը, ոստիկանության կրթական համակարգի արդիականացմանը և կոռուպցիայի խնդրին առնչվող հարցեր:
Ընդգծելով 2010թ. ապրիլի 1-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրի» կարևորությունը` կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ոստիկանության տարածքային բաժանմունքների ֆիզիկական մաշվածության խնդրի լուծման, ճանապարհային ոստիկանության ժամանակակից սարքավորումներով տեխնիկական հագեցվածության և աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև համակարգում երիտասարդ կադրերի ներգրավումն ու վերապատրաստումը` նպատակ ունենալով հաղթահարել խորհրդային ոստիկանական մտածելակերպը, և ոստիկանության աշխատանքների հրապարակայնության ապահովումը: