կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-19 21:15
Քաղաքական

Երիտասարդ գիտնականների ապագան Հայաստանում․ բարեփոխումների շարունակականությո՞ւն, թե՞ նոր արտահոսք

Երիտասարդ գիտնականների ապագան Հայաստանում․ բարեփոխումների շարունակականությո՞ւն, թե՞ նոր արտահոսք

«Գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թթ. ռազմավարական ծրագրով» մինչև 2030 թվականը նախատեսվում է հետազոտությունների և մշակումների պետական ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 0.75%-ին, իսկ հանրային հատվածում լրիվ ծանրաբեռնվածության համարժեքով հետազոտողների թիվը՝ 6000-ի։ Ռազմավարության իրականացման ժամանակացույցով արդեն 2027 թվականին նախատեսվում է հետազոտողների թիվը հասցնել 4000-ի։

Նկատենք, որ վերջին տարիներին գիտության ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ իրականացված միջոցառումների, մասնավորապես՝ երիտասարդ գիտնականների համար հայտարարված մրցույթների շնորհիվ ոլորտում նկատվել է երիտասարդների դինամիկ ներհոսք։ Թեմատիկ դրամաշնորհային մրցույթներում որպես պարտադիր պայման սահմանվեց հետազոտական խմբերում երիտասարդ գիտական կադրերի ընդգրկումը։

Բացի այդ, ի թիվս այլ գիտական ծրագրերի, հատկանշական է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը «Առաջատար հետազոտությունների աջակցության» մրցույթում։ Սա ոչ միայն երիտասարդների համար փորձի ձեռքբերման և համատեղ բարձրարժեք հրապարակումների հնարավորություն է, այլև գիտական համայնքում միջին սերնդի բացը լրացնելու շոշափելի քայլ։

Նշանակալի է նաև երիտասարդ կադրերի վերապատրաստումն արտերկրի առաջատար գիտական կենտրոններում։ Մի կողմից՝ տեղական գիտական կազմակերպությունների վերազինումը ժամանակակից սարքավորումներով, մյուս կողմից՝ այդ սարքավորումների սպասարկման համար նոր մասնագետների գործուղումն արտերկիր, սկսել են ձևավորել արդի պահանջներին համապատասխանող ժամանակակից լաբորատորիաներ։

Այս բոլոր միջոցառումներն իրականացվել են հետևողականորեն՝ հնարավորություն տալով կանխելու գիտական ներուժի մարումը և ստեղծելով նոր կարողություններով առաջ շարժվելու ամուր հիմքեր։

Սակայն հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը լուրջ հարցեր է առաջացնում հաստատված ռազմավարության իրականացման հնարավորությունների վերաբերյալ։ 2027 թվականի պետական բյուջեի վերաբերյալ 240 գիտնականների հրապարակած բաց նամակում բերված գնահատականի համաձայն՝ «Գիտատեխնոլոգիական գործունեություն» ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն աճում է շուրջ 5%-ով, իսկ գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը մնում է 2026 թվականի մակարդակում։ Նույն գնահատմամբ՝ ռազմավարական ուղեգծին համապատասխանելու համար 2027 թվականին անհրաժեշտ կլիներ առնվազն 35% աճ։ Այս տարբերությունը հիմնավոր հարց է առաջացնում՝ արդյո՞ք նախատեսվող ֆինանսավորումը բավարար է 2027 թվականի համար սահմանված 4000 հետազոտողի թիրախը, գործող ծրագրերի շարունակականությունը և նոր հետազոտությունների մեկնարկը ապահովելու համար։

Առաջատար գիտնականներն անհանգստացած են ոչ միայն կարևոր հետազոտությունների հնարավոր կասեցմամբ, այլև իրենց խմբերում ներգրավված երիտասարդների ճակատագրով։ Եթե նրանց համար Հայաստանում գիտական գործունեությունը շարունակելու հնարավորությունները սահմանափակվեն, կմեծանա արդեն միջազգային փորձ և հմտություններ ձեռք բերած երիտասարդ հետազոտողների արտերկիր տեղափոխվելու և գիտական կադրերի նոր արտահոսքի ռիսկը։

Մինչդեռ կատարված ներդրումների արդյունավետությունը լիովին չափելի է։ Միայն 2025 թվականին ԵԳԱԾ «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթի» շրջանակում 90-ից ավելի երիտասարդներ խրախուսական պարգևների արժանացան Scopus և WoS շտեմարաններում ընդգրկված հեղինակավոր ամսագրերում հրապարակումների համար։ Այս ցուցանիշները վկայում են երիտասարդների ակտիվ ներգրավվածության, հրապարակումային ակտիվության և միջազգային գիտական տեսանելիության աճի մասին։

Ուստի անհրաժեշտ է 2027 թվականի բյուջետային հատկացումները վերանայել այնպես, որ հնարավոր լինի պահպանել գործող ծրագրերի շարունակականությունը, մեկնարկել արդեն գնահատված նոր ծրագրերը և ապահովել Գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարությամբ սահմանված նպատակների իրագործումը։

Ա. Ս.